
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին չհաջողվեց հաղթել նաև Կիպրոսին։ Ցուցադրելով լավ խաղ և ունենալով զգալի առավելություն մերոնք մրցավեճն ավարտեցին ոչ-ոքի 2։2 հաշվով։ Հիշեցնենք, որ մարտի 25-ին Հայաստանի ընտրանին 2024 թվականի Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում 1։2 հաշվով զիջել էր Թուրքիային։ Ցավալի պարտությունից հետո բոլորս էինք ցանկանում հաղթել գոնե Կիպրոսին, բայց․․․։ Երբ երկու հանդիպումներն արեն անցյալում են, եկել է անկեղծ խոսելու պահը։ Երեկվա խաղում կարող էին նույնիսկ խոշոր հաշվով, եթե գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը փորձարկումներ չկատարեր։ Ուկրաինացի մասնագետը խաղաժամանակ տվեց ազգային թիմ հրավիրված գրեթե բոլոր ֆուտբոլիստներին։
«Լավ հանդիպում ստացվեց, ինձ համար շատ ուսուցողական էր, հետևեցի նորեկների խաղին: Այլևս ընկերական խաղեր չունեմ, դրա համար փորձեցի այս խաղից շատ ինֆորմացիա ստանալ: Կհասկանամ ում վստահեմ, ով պետք է մնա հավաքականում և ում պետք է փնտրել ապագայում: Հայաստանի առաջնություն ու ազգային հավաքականի մակարդակով խաղալը միանգամայն տարբեր բաներ են, այդ իսկ պատճառով այսօր փորձարկեցի գրեթե բոլորին: 7 ֆուտբոլիստ իրենց նորամուտիը նշեցին, մեկը մի փոքր լավ, մեկը մի փոքր վատ։ Շատ էի ուզում հաղթել, բայց ինչպես տեսնում եք՝ նորից չստացվեց»,- խաղից հետո ասաց Ալեքսանդր Պետրակովը: Սա այն դեպքն է երբ չհաղթելու մեջ չի կարելի մեղադրել գլխավոր մարզչին։ Չմոռանանք, որ Թուրքիայի դեմ խաղից հետո ազգային թիմից հեռացել էին Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բալեկյանը, Էդգար Բաբայանը, որոնք պայմանավորվածության համաձայն միացել էին իրենց ակումբներին։ Վնասվածքի պատճառով երեկվա խաղին հայտավորված չէին կենտրոնական պաշտպաններ Տարոն Ոսկանյանն ու Անդրե Չալըշըրը։ Պետրակովը Կիպրոսի դեմ խաղը կառուցել էր մեծ հաշվով նոր գործիքակազմով։ Խաղային ձեռագրի հարցում սակայն փոփոխություն տեղի չէր ունեցել։ Մեր ֆուտբոլիստները առանց դժվարության դուրս էին գալիս սեփական կիսադաշտից և սուր գրոհներ կազմակերպում հատկապես եզրերից։ Կարճ ասած Պետրակովին հաջողվել է գործարկել ֆուտբոլային մեխանիզմ, որը աշխատում է։ Այլ հարց է դրվագային վրիպումները, թերացումներն ու կադրային խնդիրները։ Եթե Թուրքիայի հետ խաղում Հայաստանի հավաքականում առաջին հանդիպումն անցկացրած Գեորգի Հարությունյանը Ուգոչուկվո Իվուն ու Նաիր Տիկնիզյանը ուղղակի փայլեցին, Կիպրոսի դեմ մրցավեճում պատկերն այլ էր։ Այո, 19-ամյա Հրանտ-Լեոն Ռանոսը ֆանտստիկ ֆուտբոլ ցույց տվեց, բայց մյուս նորեկները առանձնապես չտպավորեցին։
Որոշակի վերապահում կարելի է առանձնացնել թերևս կենտրոնական պաշտպան Երջանիկ Ղուբասարյանին։ Վերջինս ունի պոտենցիալ և կարող է ապագայում օգնել Հայաստանի հավաքականին։ Երկրորդ կեսի միջնամասում ականատեսը եղանք ֆուտբոլիստների որակական դիսբալանսի։ Մասնավորապես, առաջատար ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանին, Կամո Հովհաննիսյանին, Էդուարդ Սպերցյանին, Տիգրան Բարսեղյանին չէր հաջողվում առաջ մղել խաղընկերներին։ Սպասելիքներն ավելի մեծ էին Ժիրայր Շաղոյանից, որը տեղ չէր գտել Թուրքիայի դեմ խաղի հայտացուցակում։ Եվս մեկ կարևոր դիտարկում, Հայաստանի առաջնությունը ներկայացնող երիտասարդ ֆուտբոլիստներից ոչ մեկը կրկին աչքի չընկավ։ Այո, ֆուտբոլի ֆեդերացիան լուրջ աշխատանք է կատարում ազգային թիմը համալրելով արտասահմանում ելույթ ունեցող մեր հայրենակիցներով, բայց․․․։ Հայակական
ֆուտբոլի դպրոցը շարունակում է դոփել տեղում նույնիսկ նահանջել։ Վահան Բիչախչյանից հետո այդպես էլ չունեցանք գեթ մեկ ֆուտբոլիստ, որը կհամալրեր և կօգներ ազգային հավաքականին։ Այս պահին սակայն հրատապ խնդիրը ըստ էության դարպասապահ չունենալն է։ Արսեն Բեգլարյանն ու Ստանիսլավ Բուչնևը վատ դարպասապահներ են և նրանց հետ հույսեր կապել չի կարելի։ Այս խնդրին կանդրադառնանք հաջորդիվ։