Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունը, թե «Ադրբեջանը պատրաստվում է 2023 թվականի գարնանը հարձակման Հայաստանի վրա»։
«Մենք խստորեն դատապարտում ենք այն փաստը, որ ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը, հիմնվելով հայկական կողմի կեղծ և զրպարտչական հայտարարությունների վրա, կարծիք է հայտնել, թե Ադրբեջանն իբր պատրաստվում է հարձակման, և ԵՄ առաքելության հիմնական խնդիրը ներկայացրել է՝ պաշտպանել Հայաստանը Ադրբեջանից։ Մենք բազմիցս ընդգծել ենք այս առաքելության չարաշահումները կանխելու անհրաժեշտությունը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելուն։ ԵՄ առաքելությունը չպետք է ենթարկվի կեղծ և զրպարտչական մեղադրանքներին և պետք է գործի իր մանդատի համաձայն», – հավելել է Հաջիզադեն։