
Այսօր Մոսկվայում կբանակցեն Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները, որոնք կքննարկեն միջազգային նշանակության մի շարք հարցեր, նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: «Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները կհստակեցնեն իրենց դիրքորոշումները տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Անդրկովկասում իրավիճակի վերաբերյալ», հանդիպման օրակարգը մատնանշող հաղորդագրության մեջ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Մինչ Մոսկվայում կհանդիպեն Լավրովն ու Աբդոլահիանը, ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է, որ Իրանի միջուկային ռումբի համար անհրաժեշտ վառելիք կարող է ստանալ երկու շաբաթում:
Գեներալ Միլիի խոսքով, ԱՄՆ զինուժը մի քանի սցենար է մշակել երկրի քաղաքական ղեկավարության համար՝ Իրանին միջուկային ռումբի ստեղծում թույլ չտալու համար: Կասկած չկա, որ այդ սցենարների առնվազն մի որոշ մասը անցնում է Կովկասով կամ ներառում է Կովկասը: Հենց այդ համատեքստում է նաև ուշադրության արժանի Լավրով-Աբդոլահիան հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունում ՌԴ ԱԳՆ ձևակերպումը, որ կողմերը Մոսկվայում կհստակեցնեն դիրքորոշումները նաև Անդրկովկասի մասով: Այդ ձևակերպումը հուշում է, որ առնվազն կան որոշակի՝ եթե ոչ բեկումնային, ապա գոնե հանգուցային նշանակության զարգացումների սպասումներ, ինչի առնչությամբ էլ Մոսկվան ու Թեհրանը ճշգրտելու են սլաքները: Գործնականում մեծ է հավանականությունը, որ դա տեղի է ունենալու Մոսկվայում ռուս-չինական բարձր մակարդակի բանակցության համատեքստում, որի շրջանակում է Պեկինի միջնորդությամբ առաջ մղվող Իրան-Սաուդական գործընթացը:
Անդրկովկասում դիրքորոշումների «հստակեցումը» թերևս նշանակելու է ռուս-իրանական համատեղ հարցադրում Թուրքիային: Այդ ֆոնին հատկանշական է, որ Մոսկվան բացասական էր պատասխանել թուրքական մամուլում տեղ գտած տեղեկությանը, թե նախապատրաստվում է Պուտինի այց Անկարա, որի ընթացքում Էրդողանի հետ բանակցությունից զատ, տեղի կունենա երկու նախագահների այց երկրաշարժի աղետի գոտի: «Ոչ», հայտարարել էր ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը, երբ նրան հարցրել էին, թե արդյո՞ք նախապատրաստվում է Պուտինի այց Թուրքիա: Այստեղ շատ կարևոր է ձևակերպումը: Ընտրվում է բավականին հատու և կտրուկ տոն, քանի որ կան օրինակ այլ տարբերակներ, ինչպես՝ «այդ զարգացումների մասին կիրազեկվի ըստ անհրաժեշտության»: Կտրուկ տոնը գործնականում վկայում է, որ հասունանում է Ռուսաստան, Իրան, Թուրքիա բավականին բարդ խոսակցություն, կապված ռեգիոնալ հեռանկարների հետ, և այդ հարցերում Թուրքիայի դիրքավորում է կախված, թե ինչպիսին կլինեն փոխհարաբերությունները: Այդ հանգամանքը ռեգիոնի համար կունենա բախտորոշ նշանակություն: