
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագիծ, որով առաջարկվում է օրենքից հանել պատվավոր կոչումները և շնորհելու կարգը՝ հաշվի առնելով թիրախային անձանց այլընտրանքային պարգևատրման կամ խրախուսման առավել արդիական եղանակների կիրառման հնարավորությունը։
Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ օրենքով պատվավոր կոչումների նախատեսման նպատակն ի սկզբանե եղել է առանձին ոլորտում առանձնակի հաջողություններ և ներդրում ունեցած անձանց խրախուսելը, պատվավոր կոչումներն իրավակիրառ պրակտիկայում չեն ապահովում հետապնդած նպատակների իրականացումը: Ավելին՝ պատվավոր կոչումների շնորհումը հաճախ դրական հետևանքներ ունենալու փոխարեն բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների և առանձին մասնագիտությունների և կոլեկտիվների համարժեք հանրային ընկալման ձևավորման վրա: Վերոգրյալի հիման վրա առկա է անհրաժեշտություն՝ չեղարկելու օրենքով նախատեսված պատվավոր կոչումները։ Բացի այդ, այդ կոչումները բացասական ազդեցություն են ունենում ինչպես առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության ձևավորման, արժանիքահեն առաջընթացի, այնպես էլ մասնագիտական տիրույթներում ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի վրա՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ գործող կարգավորումների պայմաններում առանձին անձանց ու կոլեկտիվներին պատվավոր կոչումների շնորհման առնչությամբ մասնագիտական հանրույթներում կոնսենսուսի ապահովման գործիքակազմ առկա չէ:
Բացի այդ, նախագծում նշվում է, որ մշակույթի և արվեստի ոլորտում նախատեսված պատվավոր կոչումների չեղարկման անհրաժեշտությունը, ըստ հիմնավորման, «պայմանավորված է այն հանգամանքով, որ որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող գնահատվել կամ որոշվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ:
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է օրենքով սահմանված բնագավառներում գործող մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ ինքնադրսևորվելու ու գործելու, այդ թվում՝ ստեղծագործելու համար, ապահովել առանձին մասնագիտական հանրությունների ներսում առողջ մրցակցության ու բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ձևավորման, առանձին ոլորտներում օբյեկտիվ չափանիշներով աչքի ընկած մասնագետներին խրախուսելու արժանիքահեն, չափելի ցուցանիշների և մրցութային համակարգի վրա հենված գործիքակազմի ներդրում:
Ավելին, առաջարկվում է չեղարկել հանրակրթության և գիտության, սպորտի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության և շինարարության, իրավաբանության ոլորտներում շնորհվող պատվավոր կոչումները։
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով նախագծին, նշեց, որ առհասարակ երկու կոչում պետք է լինի, մեկը հետմահու տալիս են հերոսներին, որոնք սխրանք են գործել և զոհվել, և նրանց տալիս են պատվավոր ամեն ինչ, մյուսը չարագործության համար են տալիս, օրինակ՝ հինգերորդ շարասյան գործիչներին, նրանց նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ, եթե Հայաստանի քաղաքացի են, զրկելով ՀՀ քաղաքացիությունից:
«Մի բան էլ կա, հատուկ գործարարներին էլ կարելի է դարձնել կապիտալիստական աշխատանքի հերոս, և կգրվի, թե ինչքան փող ունի, այսինքն՝ բանկային հաշիվը և մուծած հարկերը։ Երեք կատեգորիայի կոչումներ՝ մեծ հարկատու, անձնազոհ հերոս և չարագործ: Ես նույնիսկ կառաջարկեի Երևան քաղաքից 100 կմ հեռու լքված որևէ բնակավայրում տարածք հատկացնել և չարագործների արգելոց դարձնել՝ Մյասնիկյանի, Սպանդարյանի և այլն:
Այո, պետք է չեղարկել բոլոր կոչումներ, կան միջազգային մրցանակներ, ստեղծագործող մարդն արդեն ունի մրցանակ, աշխարհում դրանք հայտնի են Նոբելյան և այլն, իսկ ներսում եթե ստեղծագործող է, իր ստեղծագործությունը սպառվում է, գիրքը տպվում է, կտավը վաճառվում է, խաչքարը տեղադրվում է, երաժշտություն լսվում է, դա արդեն մրցանակ է»,-ասաց Ազատ Արշակյանը:
Նա նկատեց, որ կոչումներ տալը սպեկուլյացիա է, պրոպագանդայի գործիք, և պետք է ընդհանրապես մարդուն ազատել պրոպագանդիստների ձեռքին գործիք լինելու վտանգից. «Եթե ես նշանավոր մարզիկին հերոսի կոչում տվեցի, ես էլ եմ հերոս, ես նրան գնահատող եմ, և այստեղ անպայման կա քաղաքական կուսակցական շահարկում, և այն պետք է հանվի։ Կա «Ավրորա» և այլն, թող մասնակցեն միջազգային նշանակության մրցանակաբաշխությունների, գավառամտությունից հարկավոր է դուրս գալ, նմանակումից դուրս գալ։
Սովետական շրջանում էլ դրանք եղել են խտրական և դասակարգային, սա խտրականության դրսևորման նոր ձև է. եթե այն ժամանակ պալատն էր որոշում՝ ով ինչ արտոնություններ ունի, հիմա ժյուրին է որոշում է, որ այս մարդը արտոնյալ է, որ ձեր մեջ կան ձեզանից լավերը: Ժյուրիի անդամ լինելը քաղաքական երանգներ ունի, հարմարվողականներ են: Նրանք գնահատում են և սկսվում է դիսկրիմինացիա, որ այս սա արտոնյալ է, դուք չէ, դուք ցածր կարգի քաղաքացի եք, նա բարձր կարգի քաղաքացի է։ Եվ դրա համար ասում եմ՝ հետմահու պետք է տալ կոչումը: Մարդը զոհել է իր կյանքը, մենք ապրում ենք, նա հերոս է, և մենք ճանաչում ենք նրան հերոս: կա դատավճիռ չարագործների համար։
Իսկ ահա արտոնյալ նկարիչ, կոմպոզիտոր, և այլն, այդ արտոնությունները պետք է հանվեն: Այս որոշումը այդ արտոնությունները հանելու մասին է, և մենք վերջապես ֆեոդալիզմից անցնում ենք 21-րդ դարի, մեզ մոտ 19-րդ դարն ավարտվեց։ Կորչի ֆեոդալիզմը, կորչի արտոնյալների ժամանակը»,-ընդգծեց Ազատ Արշակյանը: