
Վերջին շրջանում Հայաստանոււմ հաճախ է հնարավոր լսել տեսակետը, որ անթույլատրելի է Հայաստանը Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայության, բախման դաշտի վերածելը: Մի բան, որի իրավացիությունը անգամ քննարկման ենթակա չէ: Դրանով հանդերձ, սակայն, կարիք կա հասկանալ, իսկ ի՞նչ ենք պատկերացնում Արևմուտքի և Ռուսաստանի հակասության կամ բախման դաշտ ասելով: Մի օրինակ է Ուկրաինան, ու այստեղ ամեն ինչ հստակ է՝ անկարելի, անթույլատրելի է, որպեսզի Հայաստանը դառնա Ուկրաինա, այսինքն Հայաստանի տարածքում ծավալվի մասշտաբային պատերազմ: Մյուս կողմից սակայն, ընդհանուր առմամբ Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության հարցում «հեռու մնալու» համար ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպեսզի չդառնա թեկուզ հիբրիդային, անուղղակի կոշտ մրցակցության և պայքարի «պոլիգոն»:
Այդ հարցի պատասխանը կամ դրան վերաբերող պատասխանները խիստ սակավ են, կամ գրեթե բացակայում են: Կարևոր է, երբ արձանագրվում է, որ Հայաստանը չպետք է դառնա, բայց շատ ավելի կարևոր է, որպեսզի Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսում ծավալվի առողջ և բովանդակային, առարկայական քննարկումների գործընթաց, թե Հայաստանն ի՞նչ պետք է անի այդպիսի դաշտ չդառնալու համար: Հակառակ պարագայում, հնչում են «չդառնալու» մասին կարծիքները՝ ու միանգամայն իրավացիորեն, սակայն գործնական իմաստով դրանք ընդամենը ծառայեցվում են ներքաղաքական ինչ որ նպատակների, կամ արտաքին դերակատարների հաճոյանալու գործընթացի:
Մինչդեռ, ուղղակի, թե անուղղակի իմաստով «պոլիգոն» չդառնալու խնդրի լուծումը Հայաստանից պահանջում է անընդհատ օրգանական աշխատանք, որը պետք է կատարվի նաև հասարակական-քաղաքական, ոչ միայն լոկ իշխանական մակարդակում: Եվ առաջին հերթին դա այն պատճառով, որ «պոլիգոն» դառնալ-չդառնալու հարցում Հայաստանի որոշումները չէ, որ միակ վճռորոշն են: Եթե Արևմուտքն ու Ռուսաստանը լռելյայն դնեն Հայաստանը «խաղասեղանին», ապա չեն հարցնելու Հայաստանի ցանկությունն ու մտադրությունը: Փոխարենը, մեզ համար այդ պարագայում չափազանց բարդ է լինելու հավասարակշռությունը պահելը, հետևաբար, ինչպես դասական պատկերավոր իմաստով լարախաղացը, Հայաստանն էլ պետք է բարակ լարի վրա հավասարակշռությունը պահպանի ամբողջ օրգանիզմը կենտրոնացնելով, այլ ոչ թե միայն գլխով կամ ձեռքով ու փայտով:
Դրա համար է կարևոր, որ Հայաստանում ծավալվեն օրգանական քննարկումներ, քննարկում երևույթն ինքնին ստանա ինստիտուցիոնալ դրսևորում, թե ինչպես է պետք, հնարավոր խուսափել «պոլիգոն» դառնալուց, և անել առավելագույնը, որպեսզի Հայաստանի հարցում այդպիսի մտադրությունների առկայության պարագայում էլ չեզոքացվեն պայքարի այնպիսի մեթոդները, որոնք կպարունակեն կատակլիզմների ռիսկեր: Դրանք շատ բարդ պատասխաններ են, հետևաբար պահանջելու են ինստիտուցիոնալ բարդ աշխատանք, առավելագույնս սառը գլուխներով: