
Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դեմ «օրդերների» ֆոնին։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։
Գործակալության զրուցակիցը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերություններում Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։
Մարտի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել էր 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշումը, ըստ որի Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտել հրապարակման պահից։