
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը երկրորդ հանդիպումը կանցկացնի ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։ Ժամը 19։00-ին մերոնք ստուգողական խաղում կմրցեն Կիպրոսի հետ։ Թուրքիայի դեմ խաղից հետո սա լավ հնարավորություն է հաղթելու և թիմի մարտական ոգին բարձրացնելու համար։ Ինչ խոսք Պետրակովը հնարավորություն կտա երիտասարդ ֆուտբոլիստներին, բայց ընդունենք¸որ մեր գլխավոր խնդիրը հաղթել է։ Ամենևին էլ էական չէ, որ խաղը ընկերական է։ Ազգային թիմի համար ըստ էության գոյություն չունեն ընկերական խաղեր, քանզի ֆուտբոլիստները ներկայացնում են մեր երկիրը։ Թուրքիայի դեմ խաղից հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները դաշտից հեռացան բուռն ծափողջունների ներքո։ Մեր ազգային թիմը ցուցադրեց լավ ֆուտբոլ և արժանի չէր պարտության։ Այո, կարող էինք և հաղթել, բայց․․․։ Ունենք այն ինչ ունենք և հետևություններ անելով պարտությունից պետք է շարժվենք առաջ։ Պետրակովը հաշված օրերի ընթացքում մեծ աշխատանք էր կատարել ձևավորելով մարտունակ կոլեկտիվ։ Առանց վարանելու կարող ենք ասել, որ Հայաստանի հավաքականի ֆունդամենտը դրված է։ «Շատ հավանեցի մթնոլորտը ստադիոնում, երկրպագուներից ներողություն եմ խնդրում պարտության համար։ Միշտ մեղավոր է գլխավոր մարզիչը պատրության համար։ Երբեք չեմ գնահատում մրցավարությունը։ Խաղի ընթացքում իմ արձագանքը զուտ հույզեր էին։
Ես հուզական մարդ եմ, երբեք չեմ նստում խաղի ընթացքում, միշտ խաղի մեջ եմ։ Նույնիսկ, չգիտեի, թե ովքեր էին սպասարկում։ Գիտեմ, որ ինչ-որ իսպանացիներ էին։ Լավ է, որ Մատեո Լաոսը չէր եկել։ Փորձի խնդիր էր։ Կփնտրեմ նոր խաղացողների, երիտասարդներին խաղալու հնարավորություն կտամ։ Կսովորեցնեմ նրանց, եթե վստահեն ինձ։ Ես մտա հանդերձարան, շնորհակալություն հայտնեցի։ Ասացի, որ պետք է վստահեն մարզչական շտաբին։ Խաղացողներին ասացի, որ որեւէ կշտամբանք, մեղադրանք չունեմ։ Տակտիկական խաղում սխալներ կային։ Ընդհանուր առմամբ գոհ եմ խաղից»,- Թուրքիայի դեմ միցավեճից հետո ասել էր Պետրակովը։ Վերջին օրերին շատ է խոսում պարտության պատճառների կամ գլխավոր պատճառի մասին։ Տակտիկական առումով Պետրակովը իդեալական էր սկսել խաղը։ Մեր մարզչի խաղային սխեման գործում էր անթերի և միանգամայն տրամաբանական կլիներ եթե առաջին կեսն ավարտվել 2։0 հօգուտ Հայաստանի։ Մեր խաղային սխեման փլուզվեց հանդիպման 28-րդ րոպեին, երբ վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը։ Կայացնելով հրատապ որոշում և փորձելով պահպանել խաղային դասավորությունը, Պետրակովը ասպարեզ դուրս բերեց Ստյոպա Մկրտչյանին։ Վերջինիս չհաջովեց մտնել խաղի մեջ և պաշտպանությունում խնդիրներ ծագեցին։ Արդեն 54-րդ րոպեին Պետրակովը փոխարինեց նաև Մկրտչյանին 3-ի փոխարեն խաղը շարունակելով 2 կենտրոնական պաշտպաններով։ Տակտիկական տեսանկյունից սա ճիշտ որոշում էր, բայց․․․։ Ուկրաինացի մասնագետը երկու կենտրոնականներով խաղալու որոշում կարող էր կայացնել 28-րդ րոպեին, բայց հաշվի առնելով խաղային դասավորության արդյունավետությունը չգնաց նման քայլի։ Հետևաբար, ասել որ Պետրակովը կապիտ սխալ է թույլ տվել ճիշտ չի լինի։
Խաղային դասավորության փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականն ուներ գոլ խփելու 3-4 հնարավորություն։ Կարճ ասած Տարոն Ոսկանյանի վնասվածքից հետո Հայաստանի հավաքականի թիկունքում տեղի ունեցավ անկում, որը դարձավ պարտության հիմնական պատճառը։ Թերևս մեկ կարևոր դիտարկում։ Թուրքիայի դեմ նվիրվածության և պայքարի ձգտումի առումով մեր ֆուտբոլիստները ուղղակի փայլեցին։ Փայլեցին նաև երկրպագուները, որոնք 90 րոպե առաջ մղեցին տղերքին։ Թե Պետրակովի, թե ֆուտբոլիստների և թե երկրպագուների գլխավոր խնդիրը պետք է լինի պահպանել այն էներգետիկան որն առկա էր մարտի 25-ին։ Ամենևին էլ կարևոր չէ մենք խաղում ենք Թուրքիայի, Կիպրոսի, թե Լատվիայի դեմ։ Տոտալ համախմբում ազգային թիմի շուրջ պետք է լինի ցանկացած խաղում։
Արդեն վաղը մեր հավաքականը հանդիպում է անցկացնելու Երևանում։ Լիահույս ենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը կրկին կթնդա։ Լիահույս ենք, որ այս անգամ երկրպագուն ստադիոնից կհեռանա հաղթանակած։