
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցրել են դոլարով և եվրոյով հաշվարկները։ Փոխադարձ առևտրի շրջանակներում հաշվարկների ժամանակ ազգային արժույթների օգտագործումը ընդլայնելու մասին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են 2022 թվականի ապրիլին։
Քերոբյանի խոսքով՝ ներկայիս պայմաններում առևտրային գործընկերների համար վճարման արժույթի ընտրությունը մեծ խնդիր է դարձել։ Բանն այն է, որ ռուսական ռուբլին այժմ չափազանց անկայուն է դոլարի և եվրոյի նկատմամբ՝ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու համար, հետևաբար հայկական դրամն այժմ ավելի նախընտրելի է դառնում։ Միաժամանակ հայկական արժույթի ներուժը երկկողմ առևտրում օգտագործելու համար սահմանափակ է։
Այս առնչությամբ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այո, մենք շատ խնդիրներ ունեինք պայմանավորված դոլար-ռուբլի-եվրո փոխարժեքների փոփոխություններով, որովհետև Ռուսաստանում երկար ժամանակ առևտրի մի մասը կատարվում էր եվրոյով և դոլարով, իսկ Ուկրաինայի հետ պատերազմից հետո, նախորդ տարվա կեսերից իրենք սկսեցին անցնել ռուբլու, որպեսզի ռուբլին կայունացնեն: Բայց միևնույն է ռուբլու արժեզրկումը նույնպես խնդիր է, որովհետև եթե ռուբլով են վաճառում, հետո բերում ռուբլին փոխակերպում են, ապա էլի տուժում ենք, քանի որ բոլոր դեպքերում դոլարը մնում էր: Ընդհանրապես արտահանողները, ոչ միան Ռուսաստանի, այլև բոլոր երկրների հետ կապված, փոխարժեքների փոփոխության պատճառով տուժում են»:
Գագիկ Մակարյանի խոսքով, հիմա, երբ որոշվեց, որ դրամական մնացորդով հաշվարկը կատարվի, դա ավելի կանխատեսելի է և շահավետ. «Այս տարբերակը լավ տարբերակ է, ես ողջունում եմ, որ հայկական արտադրողները գոնե ժամանակավորապես այս վատ հնարավորությունների պայմաններում կարողանան իրենց դրամական հոսքերը հստակ հաշվարկել: Խնդիրը հետևյալն է. անկախ նրանից, թե դու ինչ արտարժույթով էիր ապրանքները վաճառում, բոլոր դեպքերում դրանք փոխակերպում էիր դրամի, քանի որ շատ ծախսեր կատարվում են դրամով: Հետևաբար, արտադրողն ուզեր, թե չուզեր, գումարը փոխակերպում էր դրամի, արդյունքում դրամական զանգվածը ստացվում էր ավելի քիչ և նա տուժում էր: Հիմա եթե դրամ-ռուբլի հավասարության ռեժիմով ենք աշխատելու, ապա դա ավելի ձեռնտու է:
Այս դեպքում միայն ռիսկը մնում է այն, որ եթե արտադրողն ինչ-որ ապրանքներ պետք է գներ դրսից, ինքը կգնի դոլար և դրանով գնում կանի: Օրինակ, ասենք, շշեր, տարաներ է ներմուծում, որոնք Հայաստանում չկան, բայց այդ դեպքում ռիսկը մեծ չէ, մանավանդ այսօր փոխարժեքը ավելի բարենպաստ է ներմուծման տեսանկյունից: Մյուս կողմից, եթե իր դրամական զանգվածն իրեն բավարարում է, ինքը հանգիստ կարող է այդ շրջանակում արտարժույթը գնել և ներմուծել իր ուզած ապրանքը»,-ընդգծեց Գագիկ Մակարյանը: