
Մարտի 20-ին Արցախի լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին, որպեսզի նա ապահովի իրենց անվտանգ և արժանապատիվ վերադարձը պատմական հայրենիք։ Արցախի տեղահանված բնակիչները վրդովված են այս հայտարարությունից։ Նախօրեին տեղահանվածների իրավունքները պաշտպանող մի շարք ՀԿ-ների ղեկավարներ հայտարարություն են տարածել, որտեղ նշում են, որ չեն լիազորել հայտարարությունը ստորագրած ՀԿ-ներին հանդես գալ Հադրութի շրջանի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի տեղահանված բնակիչների անունից, առավել ևս, նրանց անունից դիմել թշնամի Ադրբեջանի ղեկավարին։
«Բռնի տեղահանված բնակիչները պայքարում են իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու համար, սակայն երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին և ռազմական հանցագործությունների համար մեղադրվող և Հաագայի դատարանի կողմից կալանավորման ենթակա Ռուսաստանի նախագահին։ Մենք այսուհետ էլ կպայքարենք մեր բոլոր իրավունքների համար, սակայն հստակ ձևակերպած միջազգային մեխանիզմների շրջանակներում, որոնց հիմքում դրված է Արցախի Հանրապետության բնակչության ինքնորոշման իրավունքն ու դրանից բխող բոլոր երաշխիքները։ Խիստ դատապարտում ենք Արցախի մեր գործընկերների ոչ կոմպետենտ դիրքորոշումն ու ուրիշների փոխարեն որոշումներ կայացնելու թվացյալ իրավունքը»,-նշված է հայտարարության մեջ։
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ մենք հստակ դեմ ենք Ադրբեջանի իրավասության տակ Արցախ վերադարձին, որովհետև սա 20 թվականի բոլշևիկների քաղաքականության շարունակությունն է, որոնք բերեցին կոտորածների։ Նա հիշեցրեց, որ այն ժամանակ էլ հայ քաղաքագետները համաձայնվեցին մտնել Ադրբեջանի կազմ, հիմա էլ բոլշևիկների թոռներն են նման կերպ գործում։
«Ալիևը պարզ հայտարարում է՝ ձեզ կոտորելու եմ, մենք էլ գնանք մտնենք Ալիևի իշխանության տա՞կ»,-ասաց Հայրյանը։
Նրա խոսքով՝ դրանից բացի, իշխանություններին հաջողվել է շեղել, բթացնել մարդկանց, Հադրութում կամ Շուշիում կամ Արցախում Հադրութի կամ Շուշիի ճակատագիրը չի որոշվում, որոշվում է հայ ազգի ճակատագիրը։
«Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ մեր 29․800 քաղաքակուսի կմ տարածքում թողեք մենք հանգիստ ապրենք, Ալիևն էնտեղից հայտարարում է, որ եթե ուզում եք 29․000 հանգիստ ապրել, ձայներդ կտրեք։ Ալիևն արդեն այն 800 քառ․ կմն էլ է իրենով արել»,-ասաց նա։
Հայրյանը վստահ է, որ այդպիսի հայտարարություն տարածելը կապված էր Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա այցի հետ․ երևի ուզում էին ինչ-որ մարդկանց այնտեղ համոզել, որ տեսեք, Արցախի բնակչությունը դեմ չէ վերադառնալ Ալիևի կարգադրության տակ Արցախում ապրելու։
«Իսկ մենք մեր տարածած հայտարարությամբ մենք հստակ ցույց տվեցինք, որ մենք առհասարակ մերժում ենք, մեզ պետք է Արցախ հայկական ստատուսով, և ոչ միայն մեզ՝ փախստականներիս, այլ համայն հայ ազգին։ Աշխարհում ոչ մի բան հավերժ չէ, մարդը հասնում է նրան, ինչ նպատակ դնում է և պայքարում է, և եթե մենք չենք ուզում պայքարել, հաստատ չենք ունենա, իսկ եթե այդ բանը մեզ համար կործանարար է, մենք պետք է պայքարենք դրա դեմ։ Այն, ինչ պետք է հայ ազգին, պատերազմին պատրաստվելն է, իսկ մեզ կոչ են անում պատերազմի մասին չմտածել, չպատրաստվել։ Եթե Արցախում նոր պատերազմ չլինի և պատերազմի արդյունքում նոր ստատուս քվո չլինի, ո՛չ Լաչինի միջանցքն է լինելու, ո՛չ էլ Արցախը, իսկ Հայաստանն էլ մի քանի մասի են բաժանելու»,-ասաց Հայրյանը։
Նրա խոսքով՝ քանի որ արևմտյան տերությունների համար սուվերենությունը շատ մեծ հասկացություն է, իրենք չեն կարող Ադրբեջանին ասել, որ և՛ Լաչինի ճանապարհը բացի, և՛ սուվերենությունը պահի․ «Իրենք քայլերով ուզում են հուշել մեզ, որ պետք է պատերազմով հետ բերեք այդ ամենը, որպեսզի կարողանան Ադրբեջանին ասել՝ նոր ստատուս քվո է ձևավորվել։ Անընդհատ այդ երեք սկզբունքը բերում են մեջտեղ, այստեղից առաջանում է քաոս՝ սահմանների անձեռնմխելություն, ինքնորոշման իրավունք և պատերազմով հարցեր չլուծելը, այս երեքն էլ իրար հակասում են, եթե երկու պետություններ իրար հետ խոսելու ունակություն չունեն։ Եվ քանի դեռ այս երկու պետությունը չեն հասկացել դա, այս ընթացքում անընդհատ հարցի լուծումը պետք է լինի ստատուս քվեներով, Արցախի ժողովրդին բլոկադայից փրկելու համար ինձ թվում է, որ միայն պատերազմն է, Հաագայի դատարանի, Եվրոպառլամենտի որոշումները խոսում են մի բանի մասին, որ կռվեք , ձեզ ոչ մեկը չի մեղադրելու։ Եվ այնպես չէ, որ մեր իշխանությունները կամ բանակը վախենում են պատերազմից, սարսափելին այն է, որ իրենց ամբողջ հույսը դրել են ռուսների վրա, մտել են ռուսների տակ»,-հավելեց նա։