
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
-Արդեն մի քանի օր է թելեգրամյան տարբեր ալիքներ հրապարակումներ են անում Իրան-Ադրբեջան հարաբերությունների որոշակի լարվածության մասին, կան հրապարակումներ անգամ ռազմական հնարավոր գործողությունների մասին։ Ձեր կարծիքով՝ վտանգները ռեա՞լ են, թե՞ զուտ քարոզչական բնույթ ունեն, այդ դեպքում ի՞նչ նպատակով են արվում։
–Ինտենսիվ պայքար է ընթանում ավելի շատ տեղեկատվական-քարոզչական դաշտում։ Պատճառն, իմ դիտարկմամբ, հետևյալն է՝ Իրանը կարևոր ու զսպիչ գործոն է դարձել տարածաշրջանում Ադրբեջանի հերթական ագրեսիայի ճանապարհին։ Դրա համար էլ Ադրբեջանում խիստ բացասական են վերաբերում Իրանի այդ դերակատարմանը։ Արդեն մի քանի օր է իրենց մեդիադաշտը հրահանգավորված աշխատում է Իրանն ահաբեկչական պետություն ներկայացնելու ուղղությամբ։ Բազմաթիվ տեսանյութեր, տելեգրամյան հրապարակումներ, հոդվածներ են լույս տեսնում այս ուղղությամբ։ Այնքան հեռու են գնացել, որ անգամ իշխող ուժի պատգամավորներն են պրովոկատիվ հայտարարություններով հանդես գալիս՝ առ այն, որ եթե Իրանն իրեն ավելորդություններ թույլ տա, դա կործանարար կլինի իր համար։
Իրանական կողմը պաշտոնական մակարդակով բավականին զուսպ է, գուցե տելեգրամյան դաշտում որոշակի հրապարակումներ կան, բայց կրկնեմ՝ պաշտոնական արձագանքները շատ հավասարակշռված են։ Եթե հիշում եք՝ մարտի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հրապարակումներ արեց, թե իրանական ինքնաթիռներ են բարձրացել սահմանի երկայնքով, Իրանը շատ զուսպ արձագանքեց, որ դա սովորոկան թռիչք էր և իրենք չեն հասկանում Ադրբեջանի վրդովմունքը և լավ կանեն իրենց հարցերը գան ու ուղիղ տան և ոչ թե ինչ-որ հրապարակումներով հանդես գան։ Ամեն դեպքում՝ ես կարծում եմ, որ գլխավոր խնդիրն այն է, որ Իրանն իսկապես այսօր իր գործողություններով ու հայտարարություններով զսպում է Ադրբեջանի հերթական ագրեսիան տարածաշրջանում, դրա համար էլ դա Բաքվին շատ նյարդայնացնում է։
-Ձեր կարծիքով՝ այս փուլում Հայաստանն ինչպե՞ս կարող է դիրքավորվել, Իրանի դեմ հնարավոր գործողությունների դեպքում Երևանը կարո՞ղ է անմասն մնալ։
–Որքան էլ խոսվում է և շարունակ հրապարակումներ են արվում Իրանի դեմ հնարավոր գործողությունների հետ կապված, փաստացի Իրանի կողմից հարաբերությունների կարգավորումը Սաուդյան Արաբիայի հետ, որոշ ուղղություններով ինտենսիվ քայլերը որոշակիորեն նվազեցնում են այդ լարվածությունը։ Սակայն պետք է նշել, որ որոշ ուժեր փորձում են Ադրբեջանին օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար։ Ադրբեջանն էլ մտածում է, որ ինքը կկարողանա այդ ուժերի ռեսուրսն օգտագործել Հայաստանի դեմ իր նպատակներին հասնելու համար։ Օրինակ ԱՄՆ-ում և Իսրայելում Ադրբեջանի դեսպանները հայտարարեցին, թե իրենք պլացդարմ չեն դառնա, բայց այսօր իրենք փաստացի ապահովել են Իսրայելի ռազմական ներկայությունն Իրանի սահմաններով։Սա չի կարող Իրանի համար լուրջ խնդիր չլինել։ Այս իրավիճակում Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունն Իրանի հետ, ինչպես արել է և անում է։ Կան որոշ հարցեր, որոնք նույնիսկ հրապարակային քննարկման ենթակա չեն, դրանք կարող են քննարկվել փակ դռների հետևում ու լուծումներ գտնել։ Ակնհայտ է սակայն, որ Ադրբեջանն ինքն իրենով դարձել է տարածաշրջանն ապակայունացնող գործոն ու դրա արձանագրումը պետք է արվի։ Իրենք քարոզչական դաշտում, նաև պետական մակարդակով անընդհատ Հայաստանին մեղադրում են, ասում են, որ Հայաստանը Եվրոպային, նաև Մոսկվային է բերում տարածաշրջան և դա կարող է բախման բերել, սակայն իրականությունն ամբողջությամբ հակառակն է։ Հայաստան բերված 100 դիտորդները համեմատելի չեն այն ռազմական-հետախուզական ներկայության հետ, որն Ադրբեջանն անում է Իսրայելի համար՝ Իրանի դեմ։
-Պատերազմից անմիջապես հետո Իրանը շնորհավորեց Ադրբեջանին տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված։ Ձեր կարծիքով՝ այժմ Իրանում մոտեցումը փոխվե՞լ է, Թեհրանում հասկանու՞մ են, որ հենց այդ նույն տարածքներից կարող են իրեն հարվածել, իսկ նախկինում, երբ դրանք հայկական վերահսկողության ներքո էին, նման բան հնարավոր չէր։
–Այո՛, Իրանը շնորհավորել է, բայց հիշեցնեմ մի դրվագ. երբ Էրդողանն ու Ալիևը 2020 թվականի դեկտեմբերին Բաքվում «ռազմական շքերթ» էին անում, հիշու՞մ եք Էրդողանն ինչ պրովոկատիվ քառատող արտասանեց՝ մեջբերելով ադրբեջանցի բանաստեղծ Ահմեդ Ջավադին․ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել…»: Սրանով ակնհայտ տարածքային հավակնություններ էին ներկայացվում Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ:
Դրան հաջորդեց Իրանի արտգործնախարարության արձագանքը։ Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը մասնավորապես նշեց. «Էրդողանին չեն տեղեկացրել, որ այն, ինչն ինքը աղավաղված մեջբերել է Բաքվում, վերաբերում է Արաքսից հյուսիս գտնվող Իրանի հողերի իրանական հայրենիքից բռնի կերպով տարանջատելուն: Նա չգիտե՞ր, որ դրանով խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: ՈՉ ՈՔ չի կարող խոսել ՄԵՐ սիրելի Ադրբեջանի մասին»։ Սրանով իրենք փաստացի արձանագրեցին, որ հաջորդ գործողություններն ուղղելու են Իրանի դեմ։ Ես չեմ կարծում, որ իրանական պետությունն այդ ռիսկերը չի գնահատել։ Իրանը միշտ էլ շնորհավորել է Ադրբեջանին, նաև այլ հայտարարություններ արել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված, բայց չգիտես ինչու՝ քարոզչական դաշտում Ադրբեջանն Իրանը միշտ ներկայացրել է որպես հայերի պաշտպան Արցախում։ Նույնիսկ թեզեր էին շրջանառում, որ Իրանը լրտեսներ է ուղարկում Արցախ… դա պատահական չէ։ Դա պայմանավորված է պատերազմից անմիջապես հետո մեր տարածաշրջանում Իսրայելի ներկայությամբ, որովհետև մինչ այդ նման հայտարարություններ չկային։ Չէ՞ որ Իսրայելը պատերազմի ժամանակ հսկայական օգնություն ցուցաբերեց Ադրբեջանին, գալիս է փոխհատուցման պահը։