
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։
-Տիկին Վարդանյան, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամ՝ երկու կուսակցություններից, հանդես են եկել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնություն ուղարկելու կոչով: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս նախաձեռնության վերաբերյալ, հավանակա՞ն է, որ այն հաջողությամբ կպսակվի։
-Կարծում եմ, որ մեծ հավանականություն կա, որ այն հաջողություն կունենա։ Ըստ իս՝ այն շատ մեծ նշանակություն ունի հենց միայն այն կոնտեքստում, որ բոլորը հասկանան, որ առկա խնդիրները չեն մոռացվել։ Առերևույթ գուցե շատերին թվա, թե մոռացվել է, քանի որ 100 օրից ավել շարունակվում է շրջափակումը, բայց աշխարհում մարդիկ չեն մոռացել այս մասին ու փորձում են անել հնարավոր ամեն բան, որ լուծում գտնվի։Կարևոր է, որ մենք մեր խնդրի հետ մենակ չենք։
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում մենք նախատեսում ենք քարոզչության համաժողով անցկացնել։ Մարդիկ տարբեր նահանգներից կգան Վաշինգտոն, իրենց կոնգրեսականների ու սենատորների հետ կքննարկեն այս հարցը, որպեսզի բոլորն իմանան ու ընկալեն, թե ինչն է խնդիրը։Պաշտոնյաներն էլ կհասկանան, որ իրենց ընտրողները շատ մոտիկից են հետևում իրադարձություններին և ուզում են, որ իրենց ընտրյալները զբաղվեն այս հարցերով և աչքաթող չանեն։ Այն ելույթները, որ տեղի են ունենում այս օրերին՝ շատ կարևոր է։ Կոնգրեսի սրահներում, պատերի տակ այս հարցը անպայման պետք է բարձրացվի՝ մինչև որ այն լուծում ստանա։ Ընդ որում՝ լուծումը պետք է այնպիսին լինի, որ բացառի նման սցենարի կրկնությունը։
-Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ այս տեսակ կոչերը, բանաձերը, Հաագայի դատարանի որոշումը, նույնիսկ Բլինքենի ուղիղ զանգն Ալիևին իրավիճակ չի փոխում։ Գուցե անհրաժեշտ են ավելի կո՞շտ մեթոդներ։
–Ճիշտ եք՝մինչև հիմա արդյունք չի տվել, բացի նրանից, որ ուշադրություն է հրավիրվել այս խնդրի վրա։ Չեմ կարծում նաև, թե ԱՄՆ-ն միանգամից պետք է «կոշտից» սկսի, բնականաբար պետք է տարբեր ձևեր փորձի, որ կարողանա ճիշտ լուծում գտնել, հետագա քայլերը պլանավորել։
Մի քանի շաբաթից Հաագայի նախկին նախագահը գալու է Հայաստան, այստեղ պետք է ելույթ ունենա։ Ես սա շատ կարևոր հանգամանք եմ համարում։ ԱՄՆ-ն իր հերթին պետք է տեսնի, որ բանաձևերն ու կոչերը հարց չեն լուծում, պետք են այլ մեթոդներ։
-Այսինքն՝ հնարավոր է, որ Վաշինգտոնը փոխի իր ռազմավարությունն ու ավելի կտրուկ մեթոդների անցնի։
-Միանգամայն հնարավոր է։ Գուցե շատերն ուզում են կոշտ քայլեր տեսնել, բայց չեմ կարծում, թե դա է լուծումը։