Անվտանգային միջավայրը հիմնական առանցքային դրույթներից մեկն է, որի հիման վրա ներդրողները որոշում են կայացնում, ի թիվս հարկաբյուջետային քաղաքականության, ֆինանսական ու ներքաղաքական կայունության և այլն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
«Իսկ դա կհաջողվի, թե չի հաջողվի, մենք դրան ենք ձգտում: Եթե չհավատանք, որ դա կլինի, կնշանակի անիմաստ է ամեն ինչ: Իհարկե, շատ բան մեզնից կախված չէ, բայց մենք այլընտրանք չունենք և եթե ուզում ենք ունենալ կայուն բիզնես միջավայր, ներդրումներ, տնտեսական աճ, պետք է տարածաշրջանը խաղաղ լինի»,-ասաց նա:
Հարցին, թե որքանով է տրամաբանական անըդնհատ խոսել խաղաղության օրակարգից, երբ Ադրբեջանը բոլորովին այլ տրամադրություններ ունի, Թունյանը պատասխանեց. «Մենք խաղաղության օրակարգի մասին Ադրբեջանի հետ չենք խոսում, աշխարհի հետ ենք խոսում, որպեսզի հասկանալի լինի, որ մենք ագրեսոր չենք, պատերազմի չենք ձգտում, հակված ենք կառուցողականւ երկխոսության և խաղաղության: Խաղաղության մասին խոսելը չի նշանակում, որ պետք է ձեռքներս ծալած նստենք և բանակի, սահմանների ամրության առումով ոչինչ չանենք»: