
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:
Պարոն Մարկոսյան, վիճակագրությունը ցույց է տալիս, որ 15 400 մարդով ավելացել է մշտական բնակչության թիվը: Մասնագետները սա պայմանավորում են երկու գործոնով՝ միգրացիոն դրական սալդո և ծնելիության հավելաճ: Այս ցուցանիշն ինչի՞ մասին է խոսում և որքանո՞վ սա կարող է շարունակական լինել:
Բնական աճի ցուցանիշի առումով մենք 1991-ից ի վեր մինչև 2020 թվականը միշտ ունեցել ենք բնական հավելաճ: 2020-ին նոր եղել է բացասական՝ պայմանավորված այն հանգամանքով՝ պատերազմ և կորոնավիրուս: Մնացած բոլոր տարիներին միշտ ունեցել ենք դրական բնական հավելաճ: 2022-ին բավականին վերականգնվել է հավելաճը: Կորոնավիրուսից մահերի լուրջ անկում ունեինք 2020-ին, իսկ 2021-ին մոտ 84 տոկոսով մահերի թիվը նվազել է: Ընդհանրապես, բոլոր մահվան պատճառներից մենք նվազումներ ունեինք, բայց ամենազգալին կոնորավիրուսից մահերի նվազումն էր: Այս ամենը նպաստել է, որ նախորդ տարի մենք ունենանք ևս 2019 թվականի բնական աճի նույնանման ցուցանիշ: Այսինքն՝ ոչ թե աճել էին ծնունդները, այլ նվազել էին մահերը: Մենք նախորդ տարի ունեցանք 9500 բնական աճի ցուցանիշ: Ի հավելումն դրա՝ 2022-ին գումարվեց միգրացիոն դրական սալդոն, այսինքն անկախ Հայաստանի անկախ շրջանի պատմության մեջ առաջին անգամ ունեցանք միգրացիոն դրական սալդո: Մինչ այդ նման բան չէր եղել, եթե չհաշվենք 2020 թվականը, որը պայմանավորված էր նրանով, որ սահմանները փակ էին, սահմանափակումներ կային: Կարող ենք համարել, որ 2022-ն առաջին դրական միգրացիոն սալդո գրանցած տարին Հայաստանի Հանրապետության համար: Բնականաբար, դրա վրա մի քանի գործոններ ազդել են, թեև նշեմ, որ 2018-ից հետո մենք տեսնում էինք, որ արտագաղթը գնալով նվազում է: Բացի այդ, Ռուսաստանում առկա իրավիճակով պայմանավորված նաև մեր հայրենակիցներն են սկսել վերադառնալ: Չեմ ասի, որ հոսքը շատ մեծ է, բայց նման միտում կա, որ մարդիկ տեղափոխվում են Հայաստան մշտական բնակության: Նախորդ տարի այդպիսի գործընթաց եղել է, և կարևոր է, որ ընտանիքներով են վերադարձել: Այսինքն՝ հիմնականում վերարտադրողական տարիքի մարդիկ են վերադարձել, որը կարող է նպաստել հետագա ժողովրդագրական գործընթացներին դրական իմաստով:
Կան գործոններ, որ կարող են ազդել ներհոսքի վրա, բայց մենք նաև օտարազգիների ներհոսք ենք տեսնում, որոնք, բնականաբար, մշտական բնակության նպատակով չեն արտահայտվում, այսինքն՝ մինչև ՀՀ քաղաքացի չդառնան, իրենք հաշվարկի մեջ չեն ներառվի: Նախորդ տարի օտարերկրացիների ներհոսքի մեջ առաջին տեղում եղել են ռուսները, և հասկանալի է, որ նրանք մտադիր չեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել: Երկրորդ տեղում իրանցիներն են, երրորդ տեղում՝ հնդիկները: Աշխատանքային միգրացիայի լուրջ ներհոսք ունենք, շատերը եկել են այստեղ աշխատելու: Թե դա հետագայում որքանով կվերափոխվի մշտական բնակության, դժվար է ասել:
Դա կախված կլինի նրանից, թե Հայաստանն ի՞նչ պայմաններ կառաջակի նրանց։
Ես չէի ասի, թե նորմալ չեն պայմանները: Բիզնեսի համար բավական նորմալ պայմաններ են ստեղծված։ Բնականաբար, բոլոր ոլորտներում այդ հայեցակարգերը կատարելագործման կարիք ունեն։ Զերծ ենք կոռուպցիայից, արհեստական խոչընդոտների նրանք չեն հանդիպում, և սա հիմք է հանդիսանում, որ մարդիկ որոշում կայացնեն ավելի երկարաժամկետ մնան և գործունեություն ծավալեն ՀՀ-ում։ Բայց ամեն ինչ նաև կախված է լինելու նրանից, թե ռուս-ուկրաինական գործընթացներն ինչպես կզարգանան ՌԴ-ում և թե որքան մեր հայրենակիցներն ավելի ակտիվ կսկսեն վերադառնալ։
Մեր հայրենակիցների վերադարձի գործընթացը շարունակվում է նաև այս տարի՞՝ հաշվի առնելով, որ ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է
Այս տարվա համար չեմ կարող ասել, բայց նախորդ տարի դա է բավականին նպաստել միգրացիոն դրական սալդոյին, որ մենք ունեցել ենք։ Այսինքն՝ մարդիկ վերադառնում էին, վերականգնում էին իրենց քաղաքացիությունը և մնում էին մշտական բնակության ՀՀ-ում։ Դա կարելի է ասել, որ շատ դրական գործընթաց է ՀՀ ժողովրդագրական գործընթացների համար։