
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը։
-Պարոն Հակոբյան, ԱՄՆ Պետդեպը նախատեսում է 2024թ. 700 հզ. դոլարի ռազմակրթական ծրագրեր իրականացնել Ադրբեջանի հետ՝ հիմնավորելով, որ Ադրբեջանը Իրանի հետ հսկայական սահման ունի, մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, և «դա կարող է նպաստել զինվորականների արևմտյան կողմնորոշմանը»։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս որոշման հետ կապված, ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող են լինել։
-Այդ թիվն այնքան ծիծաղելի է, որ նույնիսկ լուրջ վերլուծության կարիք չկա։ 700 հզ. դոլարն այն գումարը չէ, որի շուրջ քննարկումներ ծավալվեն։ Դա մի շարքային մեծահարուստի գումար է, որը պետությունների հարաբերություններում ոչինչ չի որոշում։ Այսինքն՝ չարժե զուտ այդ գումարից ելնելով ինչ-որ հետևություններ անել ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունների մասին։
Միաժամանակ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը գտնվում է հարաբերությունների բարդ հորձանուտում, որոնց շահերի տարբեր ուղղություններ կան և իր վրա ճնշումներ են գործադրվում։ Մի կողմից՝ Ռուսաստանը, որի հետ շատ բարդ հարաբերություններ ունի՝ և՛ թշնամություն, և՛ շահ։ Թշնամությունը գլոբալ, աշխարհաքաղաքակրթությունն է, երբ ինքը Թուրքիայի բարեկամն է, հայերի թշնամին։ Շահն էլ այն է, որ ամեն դեպքում Ռուսաստանի հարևանն է, այնտեղ համայնք ունի և կարևորը՝ ռուսական գազն ադրբեջանական գազամուղով գնում է Եվրոպա։
ԱՄՆ-ի հետ հակառակ իրավիճակն է։ Այն, որ Ռուսաստանի հետ նման շահեր ունի՝ ԱՄՆ-ի համար բացասական է։ Բայց մյուս կողմից էլ Ադրբեջանն ԱՄՆ-ին պետք է ՝ որպես Իրանի նկատմամբ հետախուզության, առիթի դեպքում՝ նաև ռազմական հարված հասցնելու վայր։ Այստեղ կա նաև Իսրայելի խնդիրը, բացի այդ՝ Եվրոպայի հարցը։ Մի կողմից ասում են՝ Ադրբեջանը բռնապետ է, ԵՄ անդամ Ֆրանսիան Ադրբեջանի հետ դիվանագիտական փոխհրաձգության մեջ է, Ադրբեջանում հակաֆրանսիական ելույթներ են լինում, Մակրոնին ծաղրում են, բայց մյուս կողմից էլ Եվրոպան Ադրբեջանով գազ է ստանում։ Միաժամանակ՝ որպես ԱՄՆ-ի գործընկեր հակաիրանական ելևէջներով Եվրոպային Ադրբեջանը պետք է։ Այսինքն՝ այստեղ շահերի այնպիսի բարդ համակցություն է գործում, որ դժվար է ասել, թե որ ուժը որ պահին կգերակշռի և ինչ կլինի։ Իսկ այս բարդ կապերի մեջ 700 հզ. դոլար տալ մի քանի կուրսանտների կրթության համար՝ այդ պետությունների հարաբերությունների վրա դա չի ազդի, եթե այլ բաներ չլինեն։ Դա նույնիսկ քննարկման հարց չէ, ի՞նչ է՝ այդ 700 հզ. դոլարն Ալիևը չունե՞ր, որ իր գրպանից դներ։ Պարզապես ԱՄՆ-ն ունի իր բյուջետային ծախսերն ու այդ ծախսերի մեջ կան որոշումներ՝ օրինակ հետխորհրդային երկրներին այսինչ ոլորտում այսքան գումարով օգնել։ Այդ երկրներից մեկն էլ Ադրբեջանն է։
-Այսինքն՝ քաղաքական շարժառիթ այստեղ չկա՞։
-Ես միանշանակ հեռուն գնացող հետևություններ չէի անի։ Ավելին՝ երկու օր առաջ Բլինքենն Ալիևի հետ խոսեց, և եթե հիշում եք՝ այդ ժամանակ մեր երկրում խուճապային վիճակ էր, որ հեսա հեսա պատերազմ կսկսվի…այս կոնտեքստում ես այդ հեռախուսազրույցն ավելի կկարևորեի, քան այդ 700 հզ դոլարը։ Ըստ ամենայնի՝ այդ խոսակցությունը շատ զսպիչ դեր կատարեց։ Հիշում ենք, որ նույն Բլինքենն Ալիևի հետ խոսեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14 սրացումների ժամանակ։ Ես չեմ ուզում ծայրահեղությունների հետևից ընկնենք, բայց ակնհայտ է, որ այս պահին արևմուտքը զսպում է Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Եթե դրան գումարենք մոտ 100-ին մոտ եվրոդիտորդները, Հաագայի դատարանի որոշումը չկատարելն ու դրա հետևանքները՝ պատկերն ավելի ամբողջական է դառնում։ Օրինակ՝ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ և իրեն ասել են՝ դուք սխալ եք անում, որ Հաագայի վճիռը չեք կատարում։ Այսինքն՝ արևմուտքը գուցե աննկատ, բայց դիվանագիտական շատ եռանդուն ջանքերի միջոցով զսպում է Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներն ու սա ակնհայտ է։ Սակայն հարց է, արդյոք դա բավարար է, որ Ադրբեջանը մեզ չխփի։ Այս պահին ԱՄՆ-ի ջանքերն իսկապես դրական են ու գնահատելի։
-Նաև հայտնի դարձավ, որ Պենտագոնը Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրում է մի շարք տեխնիկական սարքավորումներ, 13 ամենագնաց մեքենա և դրանց պահեստամասեր։ Ի՞նչ նշանակություն կարող է սա ունենալ։
-Վստահ եմ, որ դա էլ ինչ-որ գրանտային ծրագիր է, որն ԱՄՆ-ն իրականացնում է՝ կոնկրետ այս դեպքում մասսայական ոչնչացման զենքի տարածումը կանխարգելելու նպատակով։ Սա նույնպես վճռական քայլ չեմ համարում։ Արևմուտքն ունի մի սովորություն՝ մանր փողային այսպիսի հարցերով այդ պետություններում ստեղծում է իր ֆինանսական ներկայության տպավորություն, մարդկանց խումբ, որոնք շահագրգռված են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորանան։
Ենթադրենք՝ վեց հատ ջիպ տված լինեն, 100 հզ դոլար, եթե խորանանք, կարող է Ուզբեկստանին էլ է տվել։ Այս ամենի մեջ ավելի էական են մեծ շահերն ու այդ մեծ շահերի մեջ ռուսական գազն Ադրբեջանով Եվրոպա։ Երբ այդ խնդիրն էլ հօգուտ մեզ լուծվի, օրինակ, Եվրոպան կանգնի ու ասի՝ մեզ այդ գազը պետք չէ, պետք է հայերին օգնենք՝ այդ ժամանակ այլ իրավիճակ կստեղծվի։Այս պահին դա այդպես չէ։ Շարքային եվրոպացուն ասում են՝ Ռուսաստանին պատժամիջոցների ենք ենթարկել, Ռուսաստանից գազ չենք առնում, բայց որ Եվրոպայի տնտեսությունը չկործանվի՝ ռուսական գազն Ադրբեջանով են առնում, դեմք են փրկում։ Այսինքն՝ մի իրավիճակ են ստեղծում, երբ բոլորը գիտեն ճշմարտությունը, բայց դեմքը պահպանված է։ Ասում են՝ Ադրբեջանն իր գազն է վաճառում, բայց բոլորը գիտեն, որ դա ռուսական է։ Բարոյական կեղծիք է։ Բոլորին այս վիճակը ձեռնտու է՝ ամեն մեկն իր դեմքն է փրկում, իսկ արանքում մենք ենք տուժում, որովհետև աշխարհին առաջարկելու ոչինչ չունենք։