
Ստեփանակերտ-Բաքու, կամ Երևան-Բաքու անմիջական երկխոսության կամ բանակցության, ընդհանրապես՝ հակամարտող կողմերի միջև անմիջական երկխոսության մեխանիզմի կարևորության մասին խոսում են ավելի ու ավելի շատ: Դա լավ է: Բայց, այստեղ թերևս չափազանց կարևոր է, որպեսզի այդ խոսակցություններից դուրս չմնա առանցքային մի հանգամանք: Այն, որ պետք է անել առավելագույնը հակամարտ կողմերին դեմ դիմաց բերելու և նրանց միջև հաղորդակցություն հաստատելու համար՝ որպես հակամարտության կարգավորման առավել արդյունավետ միջոց, կարծես թե վեր է կասկածից: Բայց, կան իրողություններ, որոնք պետք է հաշվի առնել և չընկնել մոլորությունների մեջ:
Կովկասը, և մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտությունը, գտնվում են աշխարհաքաղաքական ազդեցության համար կոշտ պայքարի թիրախում:
Այդ պայմաններում, որևէ մեխանիզմի մասին խոսակցություն ավելին չէ, քան այդ պայքարի մասնակից՝ այս կամ այն ուժային կենտրոնի ռազմավարության տակտիկական տարր: Գործնականում, որևէ մեկը Հայաստանին ու Ադրբեջանին, կամ Ստեփանակերտն ու Բաքուն չի թողնելու այսպես ասած դեմ դիմաց: Հետևաբար, այստեղ չափազանց կարևոր է դառնում, որպեսզի ուղիղ երկխոսության մեխանիզմով չծածկվի իրական ռեժիմում պատասխանատվության հարցը, չլղոզվի այն, հատկապես ուժեղ խաղացողների պատասխանատվության հարցը: Եթե այդ հարցը լուծված չէ, ապա դեմ դիմաց կամ ուղիղ երկխոսության մեխանիզմը չի կարող ունենալ արդյունավետ ընթացք, քանի որ այդ մեխանիզմի կողմերը չունեն ուժերի այնպիսի հավասարակշռություն, որը նրանցից մեկի մոտ կզսպի մյուսի հանդեպ ուժային առավելության միջոցով քաղաքական, բարոյական, հոգեբանական առավելության հասնելու գայթակղությունը:
Հասկանալի է, որ այս դեպքում խոսքն Ադրբեջանի մասին է, որի քաղաքականությունն ամբողջապես միտված է դրան: Ըստ այդմ, շատ կարևոր է, որպեսզի ուղիղ երկխոսության որևէ մեխանիզմ ուղեկցվի ուժի կիրառում բացառող մեխանիզմի առկայությամբ, որով կբացառվի նաև ուժի կիրառման սպառնալիքի գործածումը, հետևաբար կձևավորի որոշակի հավասարակշռության միջավայր՝ եթե անգամ հավասարակշռված չեն հակամարտող կողմերի ռեսուրսները, ուժերը, և այդ միջավայրում հնարավոր կլինի խոսել փոխադարձ համաձայնությունների միջոցով խաղաղ համակեցության հեռանկարի շուրջ, խոսել խաղաղության շուրջ, քննարկել խաղաղ կարգավորման տարբերակներ, և այլն: Մեծ հաշվով, հենց այս՝ պատասխանատվության մեխանիզմի ձևավորմանն ուղղված մոտեցումներն են թերևս խաղաղությանն աջակցելու որևէ մտադրության մասին բարձրաձայնումների հնարավորինս ստույգ չափիչը, որ մասնավորապես պետք է կիրառի Հայաստանի հանրությունը՝ աշխատելով խաղաղությանը նպաստելու պատրաստ ցանկացած սուբյեկտի հետ: