
ԵՄ-ն, կազմակերպելով անվտանգության և պաշտպանության հարցերով առաջին «Շումանի ֆորումը», ցանկանում է նոր գործընկերներ գտնել միջազգային ասպարեզում՝ աշխարհում աճող սպառնալիքների պայմաններում։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Պաշտպանության և անվտանգության բնագավառի քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները, ԵՄ 27 երկրների նախարարներ և աշխարհի ավելի քան 50 գործընկերներ, ինչպես նաև փորձագետներ հավաքվել են Եվրախորհրդարանի շենքում՝ քննարկելու փոխգործակցությունը և մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ դիմակայությունը.«Մենք մտադիր ենք ամրապնդել համագործակցությունը մեր ամենամոտ գործընկերների հետ և ստեղծել գործընկերային նոր հարաբերություններ»,- ասել է Բորելը համաժողովից առաջ։
Ինչպես նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը, ուկրաինական ճգնաժամը և աշխարհում անկայունությունը «առաջացնում են միջազգային համագործակցության նոր ֆորումների անհրաժեշտություն»։
«ԵՄ-ն լուրջ առաջընթաց է գրանցում անվտանգության և պաշտպանության ոլորտում, ինչը մեզ դարձնում է ավելի հուսալի և գրավիչ գործընկերներ», ասել է Բորելը։
«Եվրամիության երկրներն ավելացնում են իրենց պաշտպանական ծախսերն ու ներդրումները: Ուկրաինայում հակամարտության բռնկումից հետո ԵՄ բոլոր երկրները հայտարարեցին ծախսերի ավելացման մասին, որը 2025 թվականին գնահատվում է լրացուցիչ 70 միլիարդ եվրո»,- ասել է Բորելը։
Նա Ուկրաինայի հակամարտությունն անվանել է «հնարավորություն, որը գալիս է սերունդը մեկ՝ ապահովելու ավելի սերտ համագործակցություն հաջորդ սերնդի զենքի մշակման և արտադրության մեջ»: Բորելը Եվրամիության մեծ ձեռքբերում է համարում այն, որ «ԵՄ պատմության մեջ առաջին անգամ մահաբեր զենք է տրամադրել գործընկեր երկրին, որը հարձակման է ենթարկվել»։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն նաև շարունակում է ռազմական օգնություն տրամադրել Աֆրիկայի, Խաղաղ օվկիանոսի, Արևմտյան Բալկանների և Հարավային Կովկասի երկրներին, այդ թվում՝ ԵՄ-ն երկու խաղաղապահ առաքելություն է իրականացրել՝ Նիգերում և Հայաստանում։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ միանաշանակ է, որ Հայաստանն ունի իր անվտանգային համակարգը բարելավելու անհրաժեշտություն.«Ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը զարգացած պետությունների հետ՝ մեզ համար էական խնդիր է։
Այսինքն՝ այստեղ Հայաստանի համար այլընտրանք չկա։ Իսկապես այդ հարցերն արդեն արդիական են ու միանաշանակ է, որ մինչև օրս գոյություն ունեցող անվտանգային համակարգը այլևս չի գործում և Հայաստանին հարկավոր է թե՛ ռազմատեխնիկական ոլորտում նոր համագործակցություն, և՛ նաև հարկավոր է ունենալ ռազմական օժանդակություն։ Այսօրվա քաղաքականության գլխավոր խնդիրն այն է, թե ինչպես դա իրականացնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր այն հարցին, թե Բորելի և Եվրամիության մյուս պաշտոնյաներին հայտարարություններից հստակ է, որ այս պահին արևմուտքի համար առաջնային է Ուկրաինան, իսկ արդյոք Հայաստանը ունի նշանակություն նման համագործակցության համար, քաղաքագետը պատասխանեց.«Այո՛, եթե Հայաստանը ռազմական օժանդակության համար դիմի եվրոպական պետություններին՝ մասնավորապես Ֆրանսիային, ապա մեծ հավանականությամբ, կարող է այդ օժանդակությունը ստանալ։ ԱՄՆ-ն ունի ռազմավարական պլան իր զորքերը տեղակայել տարածաշրջանում՝ Վրաստանում, Հայաստանն այդ առումով ունի ընտրություն՝ շարժվել ԱՄՆ, այսինքն այդ պետության հետ ստեղծել անվտանգային համակարգ կամ Եվրամիության։ Իմ անձնական կարծիքով՝ Եվրամիությունն ավելի նախընտրելի է»։
Դիտարկմանը, թե Եվրամիությունն ինքն ունի անվտանգության խնդիր, քանի որ ԵՄ շատ պաշտոնյաներ հաճախ խոսում են սեփական անվտանգային համակարգը ստեղծելու և այլևս ՆԱՏՕ-ին չապավինելու մասին, Ղուկասյանն արձագանքեց.«Այո՛, այդպիսի խնդիր կա, ապագայում Եվրամիությունն ունենալու է իր բանակը։Դա, սակայն, հեռավոր ապագայի հարց է։ Այսօր Հայաստանին հարկավոր է իր տարածքում ունենալ Ֆրանսիայի ռազմական զինված ուժերի ներկայություն, և միայն դա կարող է զսպել Ադրբեջանին ագրեսիա կատարելուց»։
Ի՞նչ է պահանջվում Հայաստանից, քաղաքագետի խոսքերով՝ դիմել.«Հայաստանն ունի դրա իրավունքը, որովհետև ՀԱՊԿ-ը՝ այն ռազմական դաշինքը, որին Հայաստանն անդամակցում է, հրաժարվեց Հայաստանին օժանդակություն ցուցաբերել։ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես հրաժարվեց համատեղ զորախումբն օգտագործել Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար, ուստի Հայաստանը կարող է դիմել սկզբից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով միջազգային ռազմական օժանդակություն, եթե դա հնարավոր չէ իրականացնել, որովհետև ՄԱԿ ԱԽ մշտական անդամների միջև կոնսենսուս չի լինում այդ հարցում, ապա դրանից հետո, երկրորդ քայլը՝ դիմում են այն պետություններին, ովքեր հավանական գործընկերներ կարող են լինել։ Հայաստանի համար, այս հարցում, ամեն ինչ արդեն այնքան պարզ է, որ նույնիսկ վերլուծական ոլորտի խնդիր չէ։ Սա դիվանագիտական և քաղաքական իրականացման խնդիր է՝ այսինքն իշխանությունների քաղաքական կարողությունների։ Հասկանալի է, որ այս իշխանությունները նման ազատություն չունեն, կախված են Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունից և նման քայլեր չեն կարող իրականացնել։ Բայց այն, որ այդպիսի քայլեր հնարավոր են՝ ինձ համար ակնհայտ է»,-եզրափակեց նա։