
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանը
Պարոն Թավադյան, ռուբլու փոխարժեքն արդեն տևական ժամանակ անկում է գրանցում։ Եթե այս միտումը շարունակվի, ի՞նչ վտանգներ եք Դուք տեսնում:
Օտարերկրյա արժույթների փոխարժեքի արժեզրկումը կամ հայկական դրամի արժևորումը կապված է բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ, որը թանկացնում է դրամը: Այսինքն՝ դրամով գործարքներն ավելի թանկ են, քան արտարժույթով, դրա համար արտարժույթն էժանանում է: 2022-ի մարտից սկսած դրամի արժևորումը պայմանավորված է նաև այս հանգամանքով: Եթե համեմատենք 2022 թվականը այս տարվա հետ, կան որոշակի փոփոխություններ: Օրինակ, 2022-ին արժեզրկվեցին եվրոն և դոլարը: Եվրոն 550 դրամից իջավ մինչև 400 դրամ, իսկ դոլարը 480-ից իջավ մինչև 400 դրամ: Իսկ ռուսական ռուբլին 2022-ի ընթացքում համեմատաբար մնաց անփոփոխ՝ 6,5 դրամ: Սա առևտրաշրջանառության տեսանկյունից շատ կարևոր է, որովհետև մենք հիմնականում արտահանում ենք Ռուսաստան: Այս պահին մեր արտահանման մեջ դեպի ՌԴ արտահանումը ընդհանուրի 45 տոկոսն է կազմում: 2022 թվականին արտահանումը դեպի Ռուսաստան 2,5 անգամ աճել է՝ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ փոխարժեքը տարվա ընթացքում այնքան էլ փոփոխության չենթարկվեց: Այս տարի մենք տեսնում ենք, որ ոչ միայն դոլարն ու եվրոն են շարունակում արժեզրկվել, այլև ռուբլին: Սա մտահոգիչ է, հատկապես արտահանման տեսանկյունից, քանի որ մեր ապրանքը ռուսական շուկայում կորցնում է իր մրցունակությունը:
Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբին ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվեց մինչև 3 դրամի հասավ, հետագայում բարձրացավ: Հիմա 5 դրամի սահմաններում է, այսինքն՝ նվազել է 6,5 դրամից: Ո՞րն է պատճառը, որ անկումը չեն կարողանում կարգավորել:
Երբ անցած տարի փետրվարին ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց, պատժամիջոցների պատճառով ռուսական ռուբլին արժեզրկվեց և դրան համահունչ հայկական դրամը ևս կտրուկ արժեզրկվեց, քանի որ մեր տնտեսությունները փոխկապակցված են: Սակայն պատժամիջոցներով պայմանավորված դրանից հետո մեծ քանակությամբ դրամական միջոցներ և աշխատուժ հոսեցին Ռուսաստանից Հայաստան: Դա մեծացրեց դոլարի և եվրոյի քանակը մեր շուկայում, ինչը արժևորեց դրամը: Դրան զուգահեռ արժևորման պատճառներից է նաև բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Դա, ճիշտ է, զսպում է գնաճը, սակայն մյուս կողմից սահմանափակում է տնտեսությունը և բերում է հայկական դրամի հետագա արժևորման: Սա է պատճառը, որ այս տարի նաև ռուսական ռուբլին է արժեզրկվում: Նաև մեծացել է ռուսական ռուբլու քանակը հայկական շուկայում: Ռուս ներդրողները շատացել են, և իրենք ոչ միայն դոլար ու եվրո են ներդրում մեր շուկայում, այլև ռուբլի, ինչը ևս նվազեցնում է ռուբլու փոխարժեքը:
Այս ամենի ֆոնին տրանսֆերտների կրճատում կլինի՞ Ռուսաստանից:
Եթե խոսում ենք տրանսֆերտներից, ապա ամենաբարձր տրանսֆերտներ/ՀՆԱ ցուցանիշը գրանցվել է 2013-ին, երբ այն մոտ 15 տոկոս էր: 2021-ին այն իջավ 9,5 տոկոս: Այս տարի աճել են տրանսֆերտները ոչ այնքան այն պատճառով, որ Հայաստանից մեկնում են արտագնա աշխատանքի և այնտեղից փող են ուղարկում իրենց ընտանիքներին, այլ հակառակը, ՌԴ քաղաքացիներն են եկել Հայաստան և իրենց դրամական միջոցները փոխանցում են իրենց այստեղի բանկային հաշիվներին: Դրա համար տրնսֆերտներ/ՀՆԱ ցուցանիշը կրկին բարձրացման միտում ունի: Տրանսֆերտների 2/3-ը գալիս է Ռուսաստանից, և ռուբլու արժեզրկումը, իհարկե, ազդեցություն կունենա այդ մասով:
Առաջիկայում ռուսական ռուբլու անկումը կշարունակվի՞:
Առաջին հերթին դա կապված է վերաֆինանսավորման տոկոսադրույքից, ինչն էլ կախված է համաշխարհային ֆինանսական դրությունից: Այս պահին համաշխարհային ֆինանսական դրությունը այնքան էլ լավ վիճակում չէ, քանի որ վերջին երկու շաբաթվա մեջ մոտ 5 ամերիկյան բանկ է փլուզվել և շվեյցարական բանկերից մեկը: Դա ստիպում է, որ համաշխարհային մակարդակով վերաֆինանսավորման տոկոսադրույքները մնան բարձր, բայց կարելի է ակնկալել, որ մինչև 2023 թվականի կեսերը գնաճային միտումները թուլանալու են, որը իջեցնելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այդ թվում Հայաստանում: Դա կարգավորելու է փոխարժեքը: Երկրորդ գործոնը կապված է ՌԴ-ից եկող տրանսֆերտների մեծությունից. Ինչքան շատ լինի ՌԴ-ից եկող այդ դրամական միջոցները, այնքան իջնելու է փողի գինը: Դա էլ կախված է ընդհանուր ռազմաքաղաքական դրությունից: