
Ռուս-չինական կապերը վաղուց դուրս են եկել երկկողմ հարաբերության շրջանակից և կենսական նշանակություն ունեն ժամանակակից աշխարհակարգի և մարդկության ճակատագրի համար: Մոսկվայում այդ հայտարարությունն արել է մարտի 20-22-ը պաշտոնական այցով Ռուսաստան ժամանած Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Այցն ավարտվել է և այն գործնականում հնարավոր է արձանագրել, որպես աշխարհակարգի համար ընթացող փաստացի համաշխարհային պատերազմում Չինաստանի առավել աշխույժ ներգրավման մեկնակետ:
Ընդ որում, մինչ ռուս-չինական հարաբերության շուրջ Պուտինի հետ բանակցությունը, Չինաստանի նախագահը կարողացավ արձանագրել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցային միջնորդության հաջողություն: Մարտի 10-ին Պեկինում հայտարարվեց, որ Թեհրանն ու Ռիյադը պայմանավորվել են վերականգնել հարաբերությունը: Սրանք հիմնարար գործընթացներ են, որոնք միտված են համաշխարհային ուժային բալանսի վերափոխման գործընթացում էական միտումների: Արևմուտքը Չինաստանի այդ քայլերին, Սի Ցզինպինի Ռուսաստան ացին փաստացի պատասխանեց Ճապոնիայի վարչապետի Ուկրաինա կատարած այցով: Մարտի 21-ին Ֆումիո Կիսիդան չազդարարված այցով ժամանել է Կիև, որտեղ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ ստորագրել է «հատուկ գլոբալ գործընկերության» մասին համաձայնագիր:
Անկասկած է, որ Ուկրաինան տվյալ պարագայում «ներկայացնում» է Եվրաատլանտյան բևեռը, ինչով էլ պայմանավորված է երկկողմ համաձայնագրի բնորոշումը՝ հատուկ գլոբալ գործընկերություն: Այդ համատեքստում թերևս հարկ է ուշադրության արժանացնել երկու հանգամանք: Նախ, որ Ճապոնիայի վարչապետը Ուկրաինա չազդարարված այց կատարելու ճանապարհին եղել է նաև Հնդկաստանում ու հանդիպել այդ երկրի վարչապետի հետ, և այն, որ դեռևս հունվարին Ճապոնիայի վարչապետը այց կատարեց Մեծ Բրիտանիա, որտեղ վարչապետ Սունակի հետ կնքվեց «պաշտպանական համաձայնագիր», ինչը թույլ է տալիս Ճապոնիային ու Բրիտանիային միմյնաց մոտ տեղակայել ռազմուժ: Հասկանալի է, որ այդ համաձայնագիրը ավելի շատ վերաբերում է Ճապոնիայում Բրիտանիայի ռազմուժի տեղակայման հնարավորությանը, քանի որ հազիվ թե Տոկիոն ունենա Բրիտանիայի տարածքում ռազմական ներկայության մտադրություն կամ հնարավորություն, եթե անգամ իր անվտանգությունն ապահովում է ԱՄՆ աջակցությամբ:
Անկասկած է, որ ճապոնա-բրիտանական այդ համաձայնագիրը միտված էր Չինաստանի զսպմանը, թեև՝ ոչ միայն իհարկե: Ուկրաինա-ճապոնական համաձայնագիրը անշուշտ այդ ամենի շարունակությունն է և հատկանշական է, որ դա տեղի է ունենում Չինաստանի նախագահ Ռուսաստան այցին զուգահեռ: Իսկ ճանապարհին այցը Հնդկաստան ևս այդ համատեքստում կարևոր օղակ է, քանի որ Չինաստանի աշխուժացումը, մերձավորարևելյան ռեգիոնում դիվանագիտական հաջողությունն ու ՌԴ հետ ռազմավարական քննարկումները էապես բարձրացնում են Արևմուտքի համար Հնդկաստանի լոյալության կարևորությունը: Աճող դիմակայությունը անշուշտ իր ազդեցության գոտում է պահելու նաև Կովկասը, ինչը հավելյալ մարտահրավեր է առանց այդ էլ ապակայունացման մեծ ռիսկ ունեցող ռեգիոնի համար: Միևնույն ժամանակ, սա մի իրավիճակ է, որտեղ էլ Հայաստանը պետք է փնտրի ապակայունացումից, անվտանգության ռիսկերից ու սպառնալիքներից պաշտպանվելու հնարավորությունները, ինչի համար անհրաժեշտ է աշխատանքը գործնականում բոլոր ուղղություններով: