
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։
-Պարոն Ստեփանյան, Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցին հերթական անգամ հաջորդեց Ադրբեջանի կողմից Արցախում գազի մատակարարման անջատումը։ Ձեր կարծիքով՝ Բաքուն սրանով ինչ-որ բա՞ն է հասկացնում ԱՄՆ-ին։
-Չեմ բացառում, որ Բաքվի այդ քայլը կարող է կապ ունենալ դրան նախորդած հեռախոսազրույցի հետ, բայց դա շատ մանր հանգամանք է, որ մենք նույնիսկ այդ մասին խոսենք։ Ես այլ ուղղությամբ եմ տեսնում հիմնական իրադարձություններն ու մարտահրավերները։ Իրավիճակը գնալով թեժանում է Իրանի շուրջ և մենք տեսնում ենք, որ Իրանից ոչ պաշտոնական մակարդակով եկող մեսիջները խոսում են այն մասին, որ այդ թեժացման մեջ բավականին մեծ դերակատարում ունի Ադրբեջանը։ Կան տեղեկություններ, որ Ադրբեջանը խոչընդոտում է իրանական բեռների տեղափոխմանը Ռուսաստանի տարածքով և հակառակը՝ Իրանը խոչընդոտում է Ադրբեջանի և Նախիջևանի կապին։ Այսինքն՝ ավելի լուրջ իրադարձություններ են տեղի ունենում մեր տարածաշրջանում և կան ավելի լուրջ վտանգներ։
Իսկ Ալիևի արածները մանր-մունր բաներ են, նրան բնորոշ է մանր վրեժխնդրությունը։ Ինքը կարող է դա անել, Բլինքենը կարող է իրեն կոչ անել՝ ասել, որ պետք է անհապաղ Լաչինի միջանցքը բացվի, ինքը բռնի և գազը հերթական անգամ անջատի,որ երկու օր հետո նորից միացնի։ Այսինքն՝ նյարդերի պայքարը շարունակվում է, բայց ես դրան մեծ տեղ չէի տա։
-Սակայն փաստ է, որ ամերիկյան ջանքերը Ադրբեջանի կողմից արհամարհվում են։
– Այնքան ժամանակ, ինչքան ԱՄՆ-ի ջանքերը դուրս չեն գալու կոչերի մակարդակից, Ալիևը կարող է արհամարհել։ Մենք լավ հիշում ենք, որ Բլինքենը զանգահարեց Ալիևին սեպտեմբերի 14-ին և ասաց, որ ադրբեջանական առաջխաղացումը Հայաստանի տարածք պետք է կանգնի։ Դա ոչ թե կոչ էր, այլ հրաման և Ալիևն այն անհապաղ կատարեց։
Մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները շատ ավելի խորն են, քան մեզ թվում է։ Այստեղ, նորից կրկնեմ, մեծ դերակատարում ունի Իրանի շուրջ իրավիճակը։ Պետք է հասկանանք, որ ԱՄՆ-ն շահագրգռված կողմ է, որպեսզի Իրանը լուրջ խնդիրներ ունենա՝ այդ թվում նաև Ադրբեջանի տարածքից։ Այնքան հեշտ չէ իրավիճակը, որ Բլինքենը Ալիևին հրամաններ տա ու նա կատարի դրանք, որովհետև ԱՄՆ-ն ունի ընդհանուր շահեր Ադրբեջանի հետ ու մենք չենք կարող այդ հանգամանքը հաշվի չառնել։ Խոսքը գնում է ոչ թե ցանկության բացակայության, այլ քաղաքականության մասին, որովհետև կան ընդհանուր շահեր և ԱՄՆ-ն չի կարող այդ շահերն արհամարհել։
-Ի՞նչ եք կարծում՝ Իրանի շուրջ զարգացումներն ինչքա՞ն հեռուն կարող են գնալ։
-Ամեն ինչ կախված է իրանական «միջուկային ծրագրի» հաջողություններից։Եթե Իսրայելում հասկանան, որ այո՛, Իրանը համարյա թե ստեղծել է այդ զենքը և դրան հաշված օրեր են մնում, Իսրայելը միանշանակ հարձակվելու է։ Իսրայելը չի կարող թույլ տալ, որ Իրանն ունենա միջուկային զենք, որովհետև Իրանի առաջին թիրախը լինելու է Իսրայելը։ Պետք է հասկանանք, որ տարածքների շատ մեծ տարբերություն կա, Իրանի տարածքը տասնյակ անգամներով մեծ է Իսրայելի տարածքից և մեկ ատոմային հարվածը եթե տեղ հասնի Իսրայելի տարածք, Իսրայելից բան չի մնա։ Իսկ Իսրայելից պահանջվում է մի քանի տասնյակ հարված հասցնել, որպեսզի ոչնչացնի Իրանը։ Իսրայելը մեկ ճանապարհ ունի՝ թույլ չտալ, որ Իրանի ռեժիմն ունենա միջուկային զենք։
-Նման սցենարի դեպքում նաև Հայաստանն է բավականին բարդ դրության մեջ հայտնվում, որովհետև մի կողմից Իսրայել-Ադրբեջանն է, իսկ Իսրայելին հովանավորում է ԱՄՆ-ն, մյուս կողմից՝ Իրանը։ Հայաստանը կարո՞ղ է խուսափել այս հարցում դիրքավորվելուց։
-Հայաստանը պետք է և պարտավոր է դիրքավորվել։ Հայաստանը պետք է գտնի իր տեղն այս ամենում, որպեսզի նվազագույն կորուստներով կամ առանց կորուստների դուրս գա այս իրավիճակից։ Մենք ամբողջական տեղեկատվություն չունենք, կան ընդամենը Իրանից եկող ոչ պաշտոնական տեղեկություններ և ԱՄՆ-ից որոշակի ինֆորմացիա։ Միանշանակ շատ վատ է, եթե տարածաշրջանում լինի մեծ պատերազմ։ Ընդհանուր առմամբ՝ մենք պետք է հասկանանք, որ Իրանում ռեժիմի փոփոխությունը բխում է Հայաստանի շահերից։ Եթե Իրանում գա պրոամերիկյան ռեժիմ, դա մեզ համար ուղղակի նվեր կլինի։ Այդ դեպքում՝ շատ հարցեր կարող ենք լուծել և՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում և՛ Ադրբեջանի և՛ Թուրքիայի։ Իրանն այդ դեպքում կլինի մեր բնական, թիվ մեկ դաշնակիցը տարածաշրջանում, և ոչ միայն։ Դատելով սիրիական սցենարից, որտեղ պատերազմն արդեն 11-12 տարի է չի դադարում, իսկ Սիրիան մի քանի անգամ ավելի թույլ պետություն է, քան Իրանը, Ասադի ռեժիմն ՝լ ավելի թույլ ռեժիմ է,քան Այաթոլլաների ռեժիմը, այնտեղ իշխանափոխություն չի լինելու։ Այսինքն՝ լինելու է շատ ծանր, շատ երկարատև պատերազմ, որը պարզ չէ՝ ինչով է վերջանալու։ Իսկ այս սցենարը մեր շահերից չի բխում և մենք կարող ենք շատ վատ հետևանքների բախվել։ Այնպես որ՝ մենք պարզապես պարտավոր ենք դիրքավորվել այս հարցում, որպեսզի հաշվարկենք մեր ապագա կորուստները, որպեսզի դրանցից կարողանանք խուսափել։