
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին մարտի 18-ին հանդիպել են Հյուսիսային Մակեդոնիայում։ Վուչիչը դեռ հրաժարվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը, սակայն բանակցություններից հետո երկրների ղեկավարները հայտարարեցին, որ համաձայնություն է ձեռք բերվել միանգամից մի քանի կետերի շուրջ։
«Այսօր ոչինչ չի ավարտվում, միայն սկսվում է»,- ասել է Սերբիայի նախագահը։ Կուրտիի և Վուչիչի հանդիպման նախօրեին Բելգրադում բողոքի ցույցեր են տեղի ունեցել. մի քանի հազար սերբ ազգայնականներ երթով շարժվել են դեպի նախագահի գրասենյակ՝ վանկարկելով «Ոչ կապիտուլյացիային», «Կոսովոն գործարք չէ» և «Սերբիան Եվրամիություն չէ»։