
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը մարտի 20-ին խոսել էր Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, մարտի 21-ին զանգահարել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ըստ պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելի, ԱՄՆ պետքարտուղարը Ալիևի հետ զրույցում էլ վերհաստատել է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղությանը նպաստելու ԱՄՆ հանձնառությունը: Միաժամանակ, ըստ Պատելի, Բլինքենն Ալիևին վերստին հայտնել է Լաչինի միջանցքով կոմերցիոն և մասնավոր մեքենաների երթևեկության վերականգնման կարևորությունը: «Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել լուծումներ գտնել չլուծված խնդիրների համար և ընդգծել է, որ ռազմական լուծում չկա», ասել է Պատելը: Սա իհարկե շատ կարևոր է, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի թե տեղեկատվական քաղաքականությունը, թե հռետորաբանությունը պարունակում է էսկալացիայի մտադրության բոլոր նշանները:
Եթե ԱՄՆ-ն գործուն քայլեր կատարի Ադրբեջանին այդպիսի մտադրությունից հետ պահելու համար, ապա դա անշուշտ կլինի մեծ քայլ դեպի խաղաղություն: Այստեղ է թերևս տրամաբանական ելակետը: Եթե Ադրբեջանը տեսնում է, որ իր քաղաքականությունն աշխատում է, նա երբեք չի գնա խաղաղության փոխադարձ քննարկման և կառաջնորդվի քաղաքական պայման թելադրելու մղումով: Բլինքենի հետ հեռախոսազրույցում, արդեն ըստ ադրբեջանական կողմի, Ալիևը ասել է, որ Լաչինի միջանցքը փակ լինելու մասին Հայաստանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, միաժամանակ հայտարարել, թե հայկական կողմն է դիմում ռազմական սադրանքների: Այստեղ հարց է առաջանում, թե Ադրբեջանի նախագահի այդ հայտարարություններին ինչպե՞ս է վերաբերել և արձագանքել ԱՄՆ պետքարտուղարը: Եթե այսպես ասած չեզոք, կամ Հայաստանի հանդեպ հավասար «հեռավորությամբ», ապա դա գործնականում կնշանակի Ալիևի քաղաքականության լեգիտիմացում: Եթե Ադրբեջանի նախագահը ստեղծել է իրավիճակ, որը էապես հակասում է իր պարտավորություններին, բայց որի հանգուցալուծումը դիտվում է նաև Հայաստանից որոշակի քայլերի ակնկալիքով, ապա դա Բաքվի մարտավարության լեգիտիմացում է: Իսկ, քանի որ Ադրբեջանի քաղաքականությունը միտված է ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի կապիտուլյացիայի, դրա որևէ լեգիտիմացում, արվի դա Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, թե Եվրամիության մոտեցմամբ, նշանակելու է իրավիճակի ոչ թե մոտեցում խաղաղության, այլ հեռացում: Կարող է լինել մի «եթե»՝ միջազգային այնպիսի մեխանիզմի ձևավորում, որը Ադրբեջանին կզրկի հետագա կրկնություններից: Բայց, այդպիսի մեխանիզմ չկա, չի էլ նշմարվում, իսկ միակ մեխանիզմը, որ ունի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և դրան հաջորդած ևս երկու եռակողմ փաստաթղթի տեսք՝ չի գործում: Իսկ, եթե չի գործում որևէ մեխանիզմ, սկսում է գործել պատերազմի մեխանիզմը՝ կամ որպես դանդաղ գործողության ական, կամ պարզապես ականանետից արձակված ականի տրամաբանությամբ, տարբերությունն ըստ էության ժամանակն է, այլ ոչ թե բնույթը: Դրա համար է կարևոր խաղաղության հանձնառության խորագրի ներքո ծավալվող նախաձեռնությունների խորքային բնույթը, որովհետև դրանից է կախված՝ այդ նախաձեռնությունները կամա, թե ակամա, իրավիճակը տանում են դեպի խաղաղությու՞ն, թե՞ դեպի փակուղի, որտեղ սկսում է իրավիճակի եռքը: Ակնառու է, որ ներկայումս իրադրությունը մտնում է եռքի փուլ և նվազագույնը ձևավորվում է գոլորշի բաց թողնելու անհրաժեշտություն: