
2025թվականին Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը: «Այգ 1-ի» տարածքի մի մասը Թալին համայնքն է հատկացրել: «Այգ-1» արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիայի 1 ԿՎտ-ը կարժենա շուրջ 11 դրամ։ Նշվում է, որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ:
Էներգետիկայի նախկին փոխնախարար, էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հիմա ամբողջ աշխարհում բոլորն սկսել են զբաղվել արևային կայաններով, մանավանդ այն երկրները, որոնք ավելի հասարակածին մոտ են և որտեղ արև շատ կա. «Օրինակ, Հայաստանում արևը կրկնակի շատ է, քան ասենք, Մոսկվայի շրջակայքում: Վերջին 15-20 տարում ընդունված է, որ ով որքան կարող է, պետք է օգտագործի արևային էներգիան: Հայաստանում արդեն 10-15 տարի է, որ արևային վահանակներ են տեղադրվում, մասնավորապես, սեփական տների, 9-10 հարկանի շենքերի վրա: Արդեն որոշակի փորձ կա, կան մեկ տասնյակ հայկական ընկերություններ, որոնք զբաղվում են արևային էներգիայի ներդրմամբ»,-ասաց նա:
Արզումանյանի խոսքով, «Այգ 1»-ը դրանց բոլորից տարբերվում է նրանով, որ եթե մինչ այս Հայաստանում ամենաշատը եղել է 10 մեգավատտ հզորության արևային կայան, «Այգ 1»-ն ունի 200 մեգավատտ հզորություն. «Այսպիսի կայանը պետք է կարողանա հարմարվողական լինել և կատարել էներգոհամակարգի պահանջները, որովհետև դրա գործունեությունը շատ մեծ ազդեցություն է թողնում էներգոհամակարգի վրա: Փոքր հզորության կայանները էներգոհամակարգի վրա որևէ էական ազդեցություն չունեն, բայց երբ խոսքը 50, 100, հիմա արդեն 200 մեգավատտ հզորության կայանների մասին, դա արդեն ունի ազդեցություն:
Վերջին անգամ հաղորդեցին, որ այնտեղ կլինի կուտակիչ կայան: Ես երկար ժամանակ բարձրաձայնում եմ, որ այդպիսի հզորություն ունեցող կայանը առանց կուտակիչ կայանի հնարավոր չէ: Աստված տա, որ կուտակիչ կայանը լինի և այդ դեպքում որքան շուտ շարք մտնի «Այգ 1»-ը, այնքան լավ, ու դա մեծ նվեր կլինի բոլորիս համար, որը 2025 թվականին արդեն պետք է աշխատի»,-ընդգծեց Էդվարդ Արզումանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ էներգետիկային վերաբերող ծրագրերում կա, որ «Այգ 1»-ի նման ևս 4 հատ 200 մեգավատտանոց կայաններ պետք է կառուցվեն մինչև 2030 թվականը. «Եթե դա արվի, շատ լավ կլինի, իհարկե, եթե բոլորն էլ ունենան կուտակիչ կայաններ»:
Հարցին, թե կայանի վայրը ճի՞շտ է ընտրված՝ հաշվի առնելով, որ այնտեղ թե արև կա, թե քամի, փորձագետն արձագանքեց. «Պետք է տեսնել, թե ինչքան մենք ունենք արևի պոտենցիալ և ինչքան ունենք քամու պոտենցիալ: Եթե իսկապես մեր քամու պոտենցիալն այնքան է, որ կարող ենք 200 մեգավատտանոց կայան կառուցել, դա այլ բան է: Եթե քամու արագությունը 2-5 մետր/վայրկյան է, պարզ է, որ դրանից ատ քիչ էներգիա կստացվի, բայց եթե 20 մետր/վայրկյան է, մեծ հզոր կայան հնարավոր կլինի կառուցել: Քամու էլեկտրակայանի կառուցումը էներգոհամակարգի վրա ավելի քիչ օգտակարություն ունի, քան արևային կայանների կառուցումը, մանավանդ, որ դրանք ունեն էներգիայի կուտակիչ կայաններ»,-ընդգծեց նա:
Ի դեպ, մինչև 2030 թ. Հայաստանի նպատակն է ընդհանուր էներգիայի արտադրության մեջ հասնել արևային էներգիայի մասնաբաժնի 15 տոկոսին, իսկ արևային կայանների թիվը 4 տարում աճել է 4 անգամ։