
Երևանի Ավագանու մեծամասնությունը, կամ պարզապես Հայաստանի կառավարող մեծամասնությունը հայտարարում է, թե դեռ չունի քաղաքապետի վերաբերյալ որոշում՝ Հրաչյա Սարգսյանից հետո գնում է նոր քաղաքապետ ընտրելու, թե՞ ընդհանրապես՝ ավագանու նոր ընտրության, կամ այլ կերպ ասած՝ Երևանի կառավարող ուժի արտահերթ ընտրության: Իսկապե՞ս չկա այդպիսի որոշում, թե՞ պարզապես չի բարձրաձայնվում, այսպես ասած ժողովրդավարական պատկերի համար: Եթե չկար որոշումների տեսանելի կամ շոշափելի հաջորդականություն, ապա ինչու՞ հրաժարական տվեց Հրաչյա Սարգսյանը, որը կարող էր պաշտոնավարել մինչև սեպտեմբեր՝ մինչև Երևանի Ավագանու հերթական ընտրություն:
Ընդ որում, քաղաքապետի պաշտոնը թողնելու մասին հայտարարությունը ներկայացնելիս, Հրաչյա Սարգսյանը գոնե առերևույթ բավականին հուզված էր և տեքստը ընթերցելիս էլ ուներ որոշակի շփոթված տեսք: Գուցե դա պարզապես պահի, իրավիճակից բխող հուզմունք էր, իսկ գուցե և զգացում, որ ձևավորվել էր այսպես ասած ներկուսակցական կամ ներիշխանական խոհանոցային բուռն քննարկումների հետևանքով, հնարավոր անհամաձայնությունների համատեքստում:
Չընկնենք իհարկե խորհրդապահական կռահումների գիրկը, առավել ևս, որ իրավիճակի զարգացման ստույգ պատասխանի ժամկետը սահմանված է օրենքով և առաջիկա շաբաթների ընթացքում մեծամասնությունը պարտավոր է կայացնել այս կամ այն որոշումը: Տվյալ պարագայում թերևս առավել հետաքրքիր է այն, թե արդյո՞ք քաղաքապետի պաշտոնի շուրջ հետագա զարգացման առնչությամբ որոշումը որքանով է պայմանավորված արտաքին քաղաքական, Հայաստանի շուրջ առկա ռազմա-քաղաքական իրողությունների տրամաբանությամբ:
Մասնավորապես, արդյո՞ք առկա իրավիճակը, որ Հայաստանն ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով գնահատել է լարվածության բարձր ռիսկ պարունակող, կարող է պաշտոնական Երևանի համար առաջացնել մայրաքաղաքային արտահերթ ընտրությամբ որոշակի քաղաքական մանևրի անհրաժեշտություն, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Երևանի ավագանու ընտրությունը դե յուրե համայնքային, բայց դե ֆակտո՝ նվազագույնը կիսահամապետական նշանակության ընտրություն է, նկատի ունենալով Երևանի «տեսակարար կշիռը» Հայաստանի տնտեսական, հասարակական-քաղաքական կառուցվածքում: