
Սյունիքի մարզում անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել։ ՀՀ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ մարտի 20-ին, ժամը 15։30-ին քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դի կա:
«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգող քաղաքացին նշված տարածքում բանջար հավաքելու ժամանակ հայտնաբերել է գետնին ընկած, սավանով կիսածածկված վիճակում իգական սեռի նորածնի դի»,- հայտնեցին ՆԳՆ-ից՝ տեղեկացնելով, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։