
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
-Պարոն Բաբայան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արցախահայերին առաջարկում է այնպիսի արտոնություններ, ինչպիսին ունի Դոնբասի ժողովուրդը կամ Բելգրադի ու Պրիշտինայի միջև ստորագրված Կոսովոյի սերբական հատվածը՝ լեզու, ինքնակառավարում, կրթություն, մշակույթ, կրոն, տնտեսական բնույթի հատուկ հարաբերություններ Սերբիայի հետ: Ինչքանո՞վ են այս առաջարկները Արցախի համար ընդունելի։
-Ընդհանրապես ցանկացած առաջարկներին պետք է հանգիստ վերաբերենք, բայց սկզբունքային մոտեցում ցույց տանք։ Երբ առաջարկ են անում, դա չի նշանակում, որ այդ առաջարկը պետք է ընդունվի կամ այն ընդունելի է մեզ համար։ Մենք գիտենք, որ արևմտյան տարբեր շրջանակներից ևս գրեթե նմանատիպ առաջարկներ են արվում։ Խնդիրը հետևյալն է. մեզ համար չկա որևէ տարբերակ, երբ մենք կարող ենք լինել Ադրբեջանի կազմում։ Երբ ՌԴ արտգործնախարարը խոսում է Դոնբասի մասին, մենք տեսնում ենք, որ թեպետ ուկրաինացիներն ու ռուսները գրեթե նույն ազգն են, բայց էլի չեն կարող նույն համակարգի ներքո ապրել։ Մեկը ընդունում է, մյուսը՝ ոչ, բայց իրենք գնացին անկախ պետականության կամ Ռուսաստանի հետ միավորվելու ճանապարհով։ Նույնը նաև այլ տեղերում՝ նույն Կոսովոն։Մեզ համար Ադրբեջանի կազմում լինելն ընդունելի չէ՝ ցանկացած տարբերակով, այլապես այստեղ հայություն չի մնալու։ Պարզապես պետք է լսել, սկբունքային, շատ պարկեշտ ձևով պատասխանել բոլորին։ Մեզ համար Ադրբեջանի կազմում լինելը կնշանակի հայաթափում։
-Ձեր կարծիքով՝ Լավրովը, երբ նման առաջարկ է անում՝ չի՞ հասկանում այն վտանգները, որին կբախվեն արցախահայերը՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու դեպքում։
-Անկախ նրանից՝ ինքը հասկանում է, թե ոչ, պետք է հետևյալը հաշվի առնենք. Եթե կա հայ, որ այդ նույն բանն է ասում՝ նույն ԱԺ պատգամավորները, չե՞ն հասկանում, որ դա հնարավոր չէ։Մենք կարող ենք հայերին պատասխանել, փոխաբերական իմաստով՝ գլուխը ջարդել, իսկ մնացածի պարագայում, պետք է ընդունենք, որ սա աշխարհաքաղաքականության հետ է կապված, բացատրենք, որ սա մեզ համար ընդունելի չէ։ Բայց ամենակարևորը՝ ներսում չպետք է լինեն մարդիկ, որոնք կհայտարարեն,թե մենք Ադրբեջանի կազմում պետք է լինենք։Սա է մեր ամենամեծ վտանգը, ոչ թե դուրսը։ Ես այս մասին միծտ խոսել եմ՝ տարբեր երկրներ ունեն իրենց մոտեցումները, օբյեկտիվ է, թե սուբյեկտիվ՝մի կողմ դնենք։Մենք ինքներս պետք է թույլ չտանք, որ մեր մեջ նման մարդիկ լինեն։ Այս կամ այն ուժերը որևէ սցենար իրականացնելու պարագայում միշտ մատնանշում են մեր ներսը ու նման մարդկանց։
-Նախկինում նշում էիք, որ ռուսական տարբերակն առավել ընդունելի է Արցախի համար, հիմա ստացվում է, որ բոլորն էլ նույն բանն են առաջարկում ՝ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
–Բարդ է ասել, միգուցե հիմա առաջարկում են, վաղը փոփոխության ենթարկվի։ Պետք է սկզբունքային մոտենանք ու ասենք՝ մեզ համար սա ընդունելի է, իսկ սա՝ ոչ։ Իսկ եթե մենք սկզբունքայնություն ցուցաբերենք, հավաստիացնում եմ՝ հաշվի են առնելու։Արցախի վերացումը բերելու է շատ խորաթափանց աշխարհաքաղաքական փոփոխությունների՝ տեկտոնական։ Մեզ համար այսօր ամենակարևորը մեր երկրի, մեր ժողովրդի փրկությունն է։
-Լավրովը նաև նշեց, որ Մոսկվան համաձայն է Փաշինյանի առաջարկած մեխանիմզին՝ այն, որ հարցերը պետք է քննարկվեն Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ։ Ձեր կարծիքով՝ ՌԴ-ն համաձայն կլինի երկխոսության՝ միջազգային մեխանիզմներով, թե՞ այն, ինչ հիմա տեղի է ունենում՝ միջազգային խաղաղապահների միջնորդությամբ արդեն բավարար է Մոսկվային երկխոսություն համարելու համար։
-Սա երկխոսություն չէ, այն ինչ հիմա կա՝ ավելի շուտ հարցերի քննարկում է։ Մենք ադրբեջանական կողմի հետ չենք քննարկում քաղաքական հարցեր, քննարկման առարկան՝ ենթակառուցվածքային, մարդասիրական հարցերն են, էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումը։ Ադրբեջանը նույնիսկ սա չի ուզում։Տեսե՞լ եք՝ Ալիևն ինչ հայտարարություն է արել օկուպացված Թալիշում, նույնիսկ անասունի հետ այդ մարդկանց չենք կարող համեմատել, երբ մեկը կանգնած ասում է՝ քյաբաբ ենք անելու ձեզ, սպանելու ենք։ Սա հասկանում ենք, բա որ հայն ասում է՝ բայրաքթարի փայ եք դառնալու, բա դրա՞ն ինչ ասես։ Այդ մարդիկ հասարակության կողմից համապատասխան գնահատական չեն ստացել, էլի ապրում են, էլի իրենց կեղտոտ քայլերն անում։ Դրա համար Ադրբեջանը հիմա լիարժեք բանակցությունների չի գնալու, իրենք դիտարկում են մեզ որպես տեռորիստների խումբ, լավագույն դեպքում՝ աբորիգեն մոլորվածների, որոնք աղաչում ու պաղատում են, որ իրենց ներեն ու թույլ տան գոնե ապրել։
-Փաստացի կարող ենք արձանագրել, որ այն անվտանգության երաշխավորը, որն ի դեմս Ռուսաստանի Արցախը միշտ տեսել է, այսօր հայտարարում է՝ գնացեք մշակութային ինքնավարությամբ Ադրբեջանի կազմում ապրեք։
–Նա այդ մասին խոսել է՝ փոխկապակցելով Հայաստանի հետ, որ բոլորը դրան կողմ են։Մենք պետք է ասենք, որ մեզ համար դա ընդունելի չէ։ Դոնբասին էլ էին առաջարկում՝ տեսանք ինչով ավարտվեց, Կոսովոյում ու Ղրիմում, տարբեր այլ տեղերում էլ տեսանք։ Մի կողմ դնենք աշխարհաքաղաքական սուբյեկտությունը, ասենք՝ Կոսովոն արևմուտքի համար լավն է, Աբխազիան՝ վատը։Բայց եթե գնում են այդ ճանապարհով, ուրեմն նրա կազմում չեն ուզում ապրել։ Աբխազները չեն ուզում վրացիների հետ ապրել, Կոսովոյի ժողովուրդը չի ուզում Սերբիայի հետ ապրել, Ղրիմը չի ուզում լինել Ուկրաինայի կազմում, մենք էլ չենք ուզում Ադրբեջանի կազմում ապրել։ Մի կողմ դնենք՝ աշխարհաքաղաքական սուբյեկտիվությունը, դա միշտ կա և լինելու է։ Բայց բուն նպատակը սա է։ Այդ մոտեցումը մեր պարագայում չի աշխատելու։