
Երեկ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում կայացավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը: Արտերկրում ելույթ ունեցող ֆուտբոլիստներից մարզմանը մասնակցեցին Վահան Բիչախչյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը, Խորեն Բայրամյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Էդուարդ Սպերցյանը, Նաիր Տիկնիզյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը և Գեորգի Հարությունյանը: Երեկ երեկոյան հավաքականին է միացել Լուկաս Սելարայանը, իսկ այսօր ազգային թիմի ճամբարը կհամալրի Էդգար Բաբայանը: Տիգրան Բարսեղյանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հավաքականին կմիանան ավելի ուշ։ Ինչևէ, երեկվա մարզումը նշանավորվեց երկրպագուներով լեցուն տրիբունայով և բավական մեծ էներգետիկայով։ Համոզվեցինք, որ մարտի 25-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի դեմ խաղում մեր ազգային թիմը ունենալու է լիակատար աջակցություն։ Ավելի ստույգ թուրքերի դեմ Հայաստանի հավաքականը կունենա նաև 12-րդ խաղացողը։
«Նախքան հարցազրույց տալը ցանկանում եմ ներողություն խնդրել, որ խոսում եմ ռուսերեն, դա այնքան էլ գեղեցիկ չէ, բայց ժամանակ չեմ ունեցել սովորելու, կարծում եմ՝ ապագայում կշտկեմ այս բացը: Տպավորություններս շատ դրական են: Ինձ շատ ջերմ ընդունեցին: Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր եկել էին օդանավակայան: Կարծում եմ՝ դա ուլտրասն էր: Նրանք ֆայերներ էին վառել, դիմավորում էին: Իսկապես, ինձ շատ հաճելի էր, շատ շնորհակալ եմ: Ե՞րբ որոշեցի, թե՞ ինչպես որոշեցի միանալ Հայաստանի հավաքականին: Արթնացա ու հասկացա, որ պետք է գամ Հայաստան: Ընդհանրապես, վաղուց էի մտածում այդ մասին, մոտավորապես մեկուկես տարի առաջվանից, բայց վերջնական որոշում կայացրել եմ այս տարվա հունվարին: Կարծում եմ՝ մեկնարկի համար ավելի լավ խաղ պատկերացնել հնարավոր չէր, քան Թուրքիայի հետ հանդիպումն է: Դա ամենասկզբունքային մրցակիցն է Հայաստանի համար, որ կարող էր լինել: Ամբողջ թիմը հասկանում է պատասխանատվության մակարդակը: Առավել ևս, որ այսօր մարզմանն այսքան մարդ էր եկել: Ես կարծում եմ, որ խաղին 10 անգամ ավելի շատ կլինեն: Մենք պարզապես պարտավոր ենք դուրս գալ, կռիվ տալ, միավորվել մեր երկրպագուների հետ ու հասնել անհրաժեշտ արդյունքի: Աստված տա՝ մեզ դա հաջողվի:Չգիտեմ՝ կարո՞ղ եմ արդյոք տակտիկական բաներ բացահայտել: Ամեն դեպքում, մարզիչն ինձ տեսնում է ձախ եզրում, ինչպես որ ես խաղում եմ իմ թիմում: Ուստի, ֆուտբոլային հարցերի տեսանկյունից ադապտացիայի խնդիր չեմ ունենա: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանը։ Վերջինս թերևս առաջին լեգեոներն է, որը ներողություն է խնդրում օտար լեզվով խոսելու համար, միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով սովերել մայրենի լեզուն։
Տիկնիզյանի օրինակը պետք է վարակիչ լինի Հայաստանի ազգային հավաքականի մյուս լեգեոներների համար։ Այս ֆուտբոլիստի խոսքերն ու շեշտադրումները վկայում են, որ Հայաստանի հավաքականում հաստատվել է նոր մթնոլորտ։ Տիկնիզյանը և մյուս նորեկները նոր շունչ են հաղորդել հավաքակաինն։ Էդուարդ Սպերցյան, Նաիր Տիկնիզյան, Գեորգի Հարությունյան, Հրանտ Լեոն-Ռանոս, Ժիրայի Շաղոյան, Սյոպա Մկրտչյան, Էրիկ Փիլոյան, Երջանիկ Ղուբասարյան, Արթուր Սերոբյան։ Այս ֆուտբոլիստների տարիքը չի գերազանցում 23-ը։ Կարող ենք փաստել, որ ընտրական փուլին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականում սկսվել է սերնդափոխության գործընթաց։ Վերը թվարկված ֆուտբոլիստներից մեծ մասը ունի լուրջ հավակնություններ և մոտ ապագայում կարող է դառնալ ազգային թիմի շարժիչ ուժը։
Տեսադաշտում կան ևս 4-5 երիտասարդ ֆուտբոլիստներ որոնք ամենայն մեծ հավանականությամբ կհամալրեն ազգային թիմը։ Այս պասհին սակայն մեր գլխավոր նպատակը Թուրքիային հաղթելն է։ Այս հաղթանակը բոլոր առաումեներով կարող է սկիզբը դնել մեծ հաղթանակի։