
«Առաջին լրատվական»-ը զրուցել է աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի հետ
Պարոն Գալիչյան, Ալիևը հայտարարել է՝ որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝ կա մի պայման․ նրանք պետք է պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, Ադրբեջանի պայմանների հիմքով կատարեն սահմանագծման աշխատանքները: Ալիևը, հավելել է, թե միայն այս դեպքում հայերը, կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում, ինչպես արդեն դա ցանկանում են։ 29 հազար քառակուսի կմ, թե՞ 29,800 քառակուսի կմ։ Միտումնավո՞ր է այս թիվը հրապարակում Ալիևը։
Ադրբեջանը ակնկալում է, որ Սյունիքի միջանցքը պետք է ստանա, որը, հավանաբար, 800 քառակուսի կմ է: Եթե Ալիևը 29 հազար քառակուսի կմ է հայտարարում, պակասացրել է Հայաստանի տարածքից 800 քառակուսի կմ, երևի դա նկատի ունի։ Իսկ եթե Ալիևը համաձայնել է, որ խաղաղության պայմանագիր կնքվի, առաջին հերթին պետք է Հայաստանի սուվերեն տարածքից դուրս բերի իր զորքերը և վերադառնա 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին: Բայց ինքը դա չի անում, ավելի ամրապնդում է իր դիրքերը: Ըստ էության՝Ալիևն ուզում է Հայաստանը երկու մասին բաժանի: Հավանաբար իր ցանկությունն է, որ Ջերմուկի միջոցով դեպի Նախիջևան ճանապարհ բացի: Իմ կարծիքով՝ այստեղ խնդիրը ոչ թե Ադրբեջանը Նախիջևանին կապելն է, այլ թրքալեզու երկրների միասնական գոտի ստեղծելը, որը քարոզում է պանթուրքիզմը: Բալկաններից մինչև Սիբիր, մինչև Հյուսիսային սառուցյալ օվկիանոս թուրքալեզու երկրների գոտի պետք է ստեղծվի, որին խանգարում է Հայաստանը և չէր թողնում, որ այդ գոտին իրականություն դառնա: Սրա նպատակն է կտրել Ռուսաստանի ճանապարհը դեպի հարավային տաք ջրեր՝ Հնդկական օվկիանոս և Պարսից ծոց: Սյունիքի միջանցքը անուղղակիորեն կատարում է այդ ծրագիրը, ծառայում է այդ ծրագրին, որը կօգնի, որ թյուրքական երկրները իրար հետ կապ ունենան առանց ուրիշ մի երկրի կողմից խանգարող հանգամանքի: Եթե հիշում եք, 2021-ի աշնանը «Գորշ գայլերի» ղեկավարն Էրդողանին նվիրեց հայտնի քարտեզը՝ ասելով, որ իրենց ծրագիրը սա է:
Երբ Ալիևն ասում է, որ մեզ հարմար պայմաններով պետք է իրականացվի դելիմիտացիան, նշանակում է՝ այն քարտեզները պետք է հրամցնեն, որը իրենց մոտ կան, և խորհրդային քարտեզների մասին խոսք չկա՞:
Իրենք իրենց ուզած ձևով են ուզում ներկայացնել քարտեզները: Մենք դելիմիտացիայի կարող ենք գնալ այն ժամանակ, երբ Ադրբեջանի ուժերը հետ քաշվեն Հայաստանի սահմանից, ինչպես համաձայնել են 2020-ի նոյեմբերի 9-ին: Իրենք դա չեն անում, ներխուժել են Հայաստանի տարածք: Այս պահին Հայաստանի տարածքը կազմում է 29 800 քառակուսի կմ, որից 150 քառակուսի կմ-ն Ադրբեջանը յուրացրել է, այսինքն գրավել է: Իսկ 1926 թվականին Հայաստանի տարածքը շուրջ 31 հազար քառակուսի կմ էր:
Այսինքն՝ եթե խորհրդային քարտեզներով սահմանազատում իրականացվի, Հայաստանը շահեկան վիճակում կլինի՞:
Այո, եթե առաջ շարժվեն այն քարտեզներով, որոնք Պուտինն ասաց, որ միայն իրենք ունեն, ուրիշին չեն տվել, հավանաբար, Հայաստանի տարածքն ավելի կմեծանա, ոչ թե կփոքրանա: Դրա համար էլ այդ քարտեզները մեջտեղ չեն հանում:
Ալ լճերի տարածքում, Շորժայի շրջանում, Իշխանասարի, Կապանի մոտակայքում մեր տարածքներն իրենք վերցրել են ժամանակին՝ Կարմիր Քրդստան ստեղծելու նպատակով, բայց երբ Կարմիր Քրդաստանը չեղարկվեց, այդ հողերը Հայաստանին հետ չտվեցին: