
«Ռասմուսեն գլոբալ» հիմնադրամի ղեկավար, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստան այցից հետո սոցցանցային գրառում է արել Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելու անհրաժեշտության վերաբերյալ, ինչի մասին խոսել էր նաև Հայաստանում: Այս մասին խոսում է նաև պաշտոնական Երևանը և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ գործընկերությունը, նաև այս գաղափարը առավել բարձրաձայնելու համար է: Գլխավոր հարցը սակայն մնում է այն, թե որքանով է դա իրատեսական, ինչը կախված է այն հանգամանքից, թե «միջազգային հանրությունը», միջազգային ինստիտուտներն ու խոշոր դերակատարները որքանով են պատրաստ կայացնել այդպիսի որոշում, պարտադրել այն Ադրբեջանին և հարկ եղած դեպքում շրջանցել Ռուսաստանին, եթե Մոսկվան դեմ լինի այդ որոշմանը, թեև այստեղ իհարկե կարող ենք գործ ունենալ հարաբերական իրավիճակի հետ:
Կարող են լինել հանգամանքներ և մոտեցումներ, երբ Մոսկվան ոչ միայն դեմ չի լինի միջազգային առաքելությանը, այլ կարող է անգամ աջակցել դրան, եթե իհարկե առաքելության մասին որոշում կայացնողները այդ որոշումը կայացնեն ոչ թե ի հակառակ ռուսական ներկայության ու խաղաղապահ մանդատի, ոչ թե Ռուսաստանի դերը չեղարկելու տրամաբանությամբ, այլ ընդունելով դա և աշխատելով Ռուսաստանի հետ: Այստեղ է սկզբունքային կետը՝ միջազգային առաքելություն հանուն Արցախի, թե՞ Ռուսաստանի դեմ: Եթե հանուն Արցախի, ապա այն չպետք է լինի Ռուսաստանի դեմ: Ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանն էլ հանուն Արցախի է, այլ որովհետև Ռուսաստանի դեմ լինելու պարագայում Ռուսաստանը դրան դիմակայելու է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ձգտելով առավելագույնս ստանալ նրանց աջակցությունը: Իսկ դա նշանակում է Արցախի ու Հայաստանի շուրջ ռիսկի զգալի աճ, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան էլ փորձելու են Ռուսաստանին առավելագույնս թանկ վաճառել իրենց աջակցությունը և դիմադրությունը, հատկապես, եթե դեմ լինեն Արցախում այսպես ասած միջազգային առաքելությանը: Այդ դեպքում, «միջազգային հանրությունը» կստիպի՞ Ադրբեջանին և Թուրքիային հրաժարվել Ռուսաստանից և ընդունել իրենց «մանդատը»: Տեսականում կարող ենք դիտարկել այդպիսի սցենար, բայց որքանով է այն գործնական և իրատեսական, եթե Ադրրբեջանն ու Թուրքիան պետք են նաև Արևմուտքին, և ոչ միայն էներգետիկ նպատակներով, այլ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ դիմակայության ավելի լայն նկատառումներով: Ըստ այդմ, պատկերացնելի է, թե ինչպիսին կարող է լինել ռիսկի մասշտաբն ու խորությունը, եթե Արցախի միջազգային մանդատ ուղարկելու հարցը դիտարկվի Ռուսաստանի դեմ տրամաբանության մեջ: Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ այդ տրամաբանությունից դուրս, հազիվ թե օրակարգը հետաքրքրի միջազգային մյուս դերակատարներին: Հետևաբար, այստեղ առաջանում է հարց, թե հարցի այն շեշտադրումը, որ ծավալվում է ներկայումս, որքանով է էֆեկտիվ ու հեռանկարային Հայաստանի ու Արցախի շահի ու անվտանգության տեսանկյունից: Այն, որ միջազգային պատասխանատվության հարցը պետք է բարձրացնել ու բարձրաձայնել, անկասկած է, կարևոր, անհրաժեշտ: Սակայն, կարևոր է նաև, թե ինչ շեշտադրումներով են լինելու այդ բարձրաձայնումները, որպեսզի դրանք լուծեն անվտանգության հարց Հայաստանի ու Արցախի համար, այլ ոչ թե այլոց համար դառնան Հայաստանի ու Արցախի համար վտանգների աստիճանը մեծացնելու գնով սեփական հարցեր լուծելու միջոց: