
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը։
-Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) հրապարակած զեկույցի համաձայն՝ Ռուսաստանն Ուկրաինայի պատերազմի պատճառով կկորցնի ազդեցությունը ՀԱՊԿ-ում և Հայաստանում: Տեսանելի համարու՞մ եք նման հնարավորությունը, արդյոք ՀՀ իշխանությունների վերջին հայտարարությունները հենց դրա դրսևորումը չեն։
–Ռուսաստանի բարբարոսական ագրեսիան Ուկրաինայի հանդեպ այդ երկիրը դուրս է թողնում ոչ միայն ՀԱՊԿ-ից ու Հայաստանից, այլ շատ ուրիշ տարածաշրջաններից ևս։ Այնպես որ ՀՀ իշխանությունները էլ ավելի արագ տեմպերով պետք է դիվերսիֆիկացնեն արտաքին քաղաքականությունը՝ հատկապես անվտանգության ոլորտը։ Ռուսաստանն օր օրի դուրս է մնում տարբեր ռեգիոններից և այդպես լինելու է դեռ շատ երկար տարիներ, որովհետև պատերազմի արդյունքները Ռուսաստանի համար լինելու են կատաստրոֆիկ։ Այդ երկրի հետ չարժե կապել որևէ հեռանկար և հատկապես Հայաստանի իշխանությունները պետք է այդ հանգամանքը հաշվի առնեն։
-Արդյոք հեռանկարում Ռուսաստանը կարող է դուրս բերել իր զորքերը Լեռնային Ղարաբաղից՝ դրանք Ուկրաինա ուղարկելու համար։
-Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի զորքերի դուրսբերման հեռանկարին, ապա մոտ 2000 թվաքանակ զորքը մեկ կամ երբեմն նաև կես օրվա ռուսական զորքերի կորուստներն են Ուկրաինայում։ Դժվար թե նրանք կարողանան ինչ-որ հարց լուծել։ Չեմ կարծում, որ այդ խաղաղապահ կոչեցյալն իրենցից ինչ-որ զինվորական որակ ներկայացի։ Կտանեն, թե չեն տանի որևիցե տեղ՝ դրանից գրեթե ոչինչ չի փոխվում։
-Ինչի՞ հետ է կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան, Ջերմուկ։ Ինչո՞ւ հանկարծ ՀԱՊԿ-ը սկսեց հետաքրքրվել Հայաստանով։
-Դրանք ՀԱՊԿ-ի տվայտանքներն են, գալ Հայաստան ինչ-որ բաներ ներկայացնելու փորձեր անել։ Ես համարում եմ, որ դրանք պարզապես հոգեվարքի դրևսրումներ են, իրենցից որևէ լուրջ բան չեն ներկայացնում։ Ուզում են դեմք փրկել՝ առանց գիտակցելու, որ երբևէ դեմք չեն էլ ունեցել ու փրկելու ոչինչ էլ չկա։ ՀԱՊԿ-ը փուչիկ է, ռուսական հերթական փուչիկներից մեկը՝ իրենց քարոզչության համար։ Կգան, թե չեն գա՝ էական չէ, բայց կոչ կանեի մեր հայկական մարտական դիրքերը ցույց չտալ, որ հետո նորից խնդիրների առաջ չկանգնենք։
-Հայ-ռուսական հարաբերությունների վատացումը, ինչի մասին վկայում են Փաշինյանի ու ի պատասխան Զախարովայի մեկնաբանությունները, ի՞նչ զարգացում կարող է ունենալ։ Արդյոք Հայաստանը սկսում է դիրքավորվել քաղաքակիրթ աշխարհի կողքին։
-Փաշինյանը վերջերս իսկապես սկսել է կատարել այնպիսի հայտարարություններ, որոնք մենք վաղուց էինք ակնկալում։ Դուր գա դա Ռուսաստանի Դաշնությանը, թե ոչ՝ իրենց խնդիրն է։ Փաշինյանն իր գործն ու պարտականություններն է կատարում և դա շատ լավ է։ Ինչ վերաբերունմ է քաղաքակիրթ աշխարհի կողքին դիրքավորվելուն, ապա առայժմ շատ թույլ փորձեր են դրանք։ Ես չեմ կարող ասել, որ դիրքավորվում է քաղաքակիրթ աշխարհի կողքին, բայց իհարկե ցանկալի է, պետք է քայլ առ քայլ գնալ դրան։
-Մյուս կողմից էլ արդյոք բավարար են ջանքերը, ըստ բրիտանական (The Economist) պարբերականի, Հայաստանը Պուտինի գործընկերների երկրորդ հորիզոնականում է՝ Բելառուսից հետո։
-Իհարկե այդ հրապարակումը Հայաստանի արտաքին իմիջի համար դրական երևույթ չէ։ Մենք վաղուց ենք այդ հարցին առնչվել ձեզ հետ հարցազրույցների ժամանակ և ես նշել եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը դիվերսիֆիկացվեն, որպեսզի նման հայտարարությունները չփչացնեն Հայաստանի իմիջը։ Սա շատ կարևոր է։ Ոմանց թվում է, թե ինչ-որ պարբերականի հերթական հոդվածն է, բայց դա այդպես չէ։ Նման հեղինակվոր պարբերականների նյութերը շատ կարևոր տեղ են զբաղեցնուիմ փորձագիտական ասպարեզում։ Հայաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի, որ նման հրապարակումները իրականության հետ կապ չունենան։ Այսինքն՝ թույլ չտանք, որ նման հրապարակումներ լինեն մեր հայրենիքի՝ Հայաստանի մասին։ Եթե կարողանանք դա իրականացնել, ոչ միայն Հայաստանի իմիջը կլավանա, այլ նաև տնտեսական վիճակը։ Ռուսաստանի հետ տնտեսություն վարելը ոչ մի լավ բան Հայաստանին չի կարող տալ՝ նկատի ունեմ դրական արդյունքների։ Այնպես որ պետք է հեռու մնալ Ռուսաստանից։