
Անկարայում թյուրքալեզու պետությունների ղեկավարների վեհաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Ալիևը բարձրաձայնել է «միտքը», թե Հայաստանը պետք է «Արևմտյան Ադրբեջանի» փախստականներին իր տարածքում տա նույն տեղն ու իրավունքները, որ Ադրբեջանից պահանջվում է Արցախի հայության համար: Սրանք Ալիևի մատուցումներն են, որոնք իհարկե անակնկալ չեն: Երբ նա ըստ էության պաշտոնապես ձևավորեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» միավորը, շատերն են անմիջապես արձանագրել, որ այդ «հնարքը» պատրաստվում է այսպես ասած «փոխանակման» փաստարկային տրամաբանությամբ: Ավելորդ է ասել, որ դա խնդրի նենգափոխում է, որ փորձում է անել Ադրբեջանի նախագահը, օգտվելով իհարկե այն հանգամանքից, որ նենգափոխումների պարարտ հող է միջազգային փլուզվող միջավայրը ընդհանրապես:
Այդ փլուզումը բերել է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փլուզման, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս Ալիևին նենգափոխել Արցախի խնդիրը և տեղափոխել «փոխանակման» դաշտ: Ընդ որում, Բաքվի ղեկավարը փորձում է ձևավորել երկու տիրույթում՝ «տարածքային փոխանակման» և «մարդկային փոխանակման», այսինքն նաև ադրբեջանցիների վերադարձ: Եթե մինչև 44-օրյա պատերազմը այդ ամենը, ալիևյան «պատմական» նկրտումներն ու զեղումները Հայաստանում կարող էին ընկալվել հեգնանքով, ապա ներկայիս աշխարհը պարտադրում է ամենայն լրջությամբ մոտենալ այդօրինակ ցանկացած դրսևորման, մտածելով դրան հակազդելու համար անհրաժեշտ գործողությունների, փաստարկների մասին: Նախօրեին, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց դրանցից մեկը, հայտարարելով, որ ԱԳՆ-ին հանձնարարել է ՄԱԿ փախստականների հարցերի հանձնակատարի հետ քննարկել Արցախի օկուպացված տարածքներ փախստականների վերադարձի հարցը:
Միևնույն ժամանակ, Փաշինյանը հայտարարեց, որ իրեն դիմում են ադրբեջանական ԽՍՀ տարբեր այլ քաղաքներից փախստական դարձած հայեր, որպեսզի Հայաստանի հանրապետությունը բարձրացնի նաև իրենց իրավունքների հարցը: Նիկոլ Փաշինյանը հորդորեց նրանց այդ հարցերը հետապնդել ինքնակազմակերպվելով: Ինքնակազմակերպումը այս դեպքում կարող է լինել մեկնարկային հանգամանք, բայց, եթե Ադրբեջանը փորձելու է առաջ տանել «փոխանակման» հնարքը, ապա Հայաստանը թերևս պետք է դիտարկի ինքնակազմակերպվող մեր այդ հայրենակիցների իրավունքների հարցը պաշտոնապես հրապարակ բերելու հանգամանքը, հենց դա հակադրելով ալիևյան նկրտումներին և թույլ չտալով, որպեսզի նա նենգափոխի Արցախի ինքնորոշման խնդիրը «փոխանակման» տրամաբանությամբ: Առավել ևս, որ գործնականում, կա ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների խնդիր, բայց չկա հայկական ԽՍՀ-ից ադրբեջանցի փախստականների հարց, որովհետև նրանք Հայաստանից հեռացել են առանց հապճեպության, առանց բռնի հետապնդումների, վաճառելով կամ անգամ փոխանակելով իրենց ունեցվածքը: Նրանք հեռացել են, չեն փախել, ի տարբերություն Սումգայիթ, Բաքու և այլ բռնություններ տեսած հայերի: