
Ռուսական ռուբլին արդեն մեկ ամսից ավելի է, որ հետևողականորեն արժեզրկվում է: «Առաջին լրատվական»-ը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված ռուսական արժույթի նման կտրուկ անկումը:
«Չկա առանձին ռուսական ռուբլու փոխարժեք, պետք է նայել, թե ինչ է եղել դոլարի փոխարժեքի հետ, դրամի փոխարժեքի հետ: Դոլարի նկատմամբ ռուբլին էժանացել է, դրամը թանկացել է, համապատասխանաբար փոխարժեքն էլ փոխվել է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ամիսներ առաջ կարողանում էին զսպել ռուբլու փոխարժեքը, որ չարժեզրկվի, Արմեն Եղիազարյանն ասաց. «Այն ժամանակ ռուսների քաղաքականությունը կոշտ էր, պահում էին, հիմա մի քիչ բաց թողեցին, ռուբլին էժանացավ, իսկ մեզ մոտ մեծ փողի ներհոսք կա, որի հաշվին դրամը թանկացել է:
Տվյալ դեպքում քանի որ դրամը թանկ է, ներմուծումն էժանանում է: Այսինքն մի կողմից մենք շահում ենք, որ դրսից ավելի էժան ենք ապրանք գնում, բայց կորցնում ենք, որովհետև մեր ապրանքը դրսում թանկանում է»:
Հարցին՝ կկարողանա՞ն նորից ռուբլու փոխարժեքը հասցնել գոնե 6-6,5 դրամի, տնտեսագետը պատասխանեց. «Դա քաղաքականություն է: Եթե գնաճի դեմ պայքարը մի քիչ մեղմացնեն, մի քիչ ինֆլյացիա թույլ տան, դոլարը և մյուս փոխարժեքները կաճեն»:
Անդրադառնալով ՀՀ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը, նա ընդգծեց. «ԿԲ-ն իր խնդիրն ունի, իրականացնում է: ԿԲ-ն օրենքով պատասխանատու է գների կայունություն համար և դա պահում է իր գործիքներով: Գների կայունությունը բերում է փոխանակման կուրսի հետ կապված խնդիրների: Այսինքն մի կողմից ինքն իր հարցը լուծում է, մյուս կողմից ուրիշ հարց է ստեղծում: Պետք է նայել, թե որն է ավելի լավ երկրի համար այսօր՝ արտահանման խրախուսո՞ւմը, թե՞ գների կայունությունը: Որովհետև արտհանման խրախուսումը, այսինքն դրամի արժեզրկումը կբերի գնաճի: Կամ մեկը պետք է լինի, կամ մյուսը: Դրամի արժեզրկումից էլ գները կաճեն: Պետք է նայեն, թե որից ինչ են շահում, ինչ են կորցնում, որ որոշում կայացնեն: Եթե ես լինեի՝ կէժանացնեի դրամը: ԿԲ-ն այլ կերպ է կարծում: ԿԲ-ի մասին օրենքով իր պարտականությունը գների կայունության ապահովումն է, այդ օրենքում գրված չի տնտեսության զարգացման գործառույթ»: