
Եվրախորհրդանում նախօրեին քննարկվել են Եվրամիություն-Հայաստան և Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունները։ Հայաստանի հարցով զեկուցող Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) անդամ, Բուլղարիայից պատգամավոր Անդրեյ Կովաչևը, բացելով քննարկումը, հայտնել է, որ զեկույցի նախագիծ է պատրաստել, որը քվեարկության կդրվի Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
Նա ասել է, որ զեկույցի նախագծում ընդգրկված է նաև Լաչինի ճանապարհի հարցը, այն արտահայտելու է Հայաստանի հետ կենսական կապի շրջափակման հետևանքով Ղարաբաղում խորացող ճգնաժամը.«Ես Ադրբեջանին հորդորում եմ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները ապահովելու մարդկանց և բեռնափոխադրումների երկու ուղղություններով ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասել է նա, նշելով, որ անցած փետրվարին այդ մասին որոշում է ընդունել Արդարադատության միջազգային դատարանը։
Եվրախորհրդարանի քննարկումներում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությանը.«Մենք չենք կարող Ռուսաստանը դիտարկել որպես արդար միջամտող, այլ միայն որպես ռեժիմ, որը ցանկանում է որքան հնարավոր է երկար պահել և խորացնել Հայաստանի կախվածությունը իրենից։ Զեկույցում մենք Հայաստանին կոչ ենք անում դիվերսիֆիկացնել իր անվտանգային գործընկերությունը։ Պուտինի ռեժիմը ցույց տվեց, որ չի կարող հավատարիմ գործընկեր լինել»,-հայտարարել է Անդրեյ Կովաչևը։
Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկումը դրական է գնահատում.«Եվս մեկ անգամ չլսողներն ու չտեսնողները հնարավորություն ունեն փոխել իրենց կարծիքն առ այն, որ Ադրբեջանն ագրեսիայի ու էթնիկ զտման հնարավորություն ու թույլտվություն Եվրոպական միությունից չունի։ Այսինքն՝ եթե նա նույնիսկ տեսականորեն գնա այդպիսի քայլերի, ապա դա կլինի հակառակ այդ կարծիքին՝ նաև հաշվի առնելով բոլոր հետևանքները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ինչ վերաբերում է անվտանգության դիվերսիֆիկացիայի մասին Եվրախորհրդարանի պատգամավորի կոչին, մեր զրուցակիցն ասաց.«Ես կարծում եմ, որ եթե Հայաստանը շատ ավելի հստակ քաղաքական գիծ տաներ ու հստակ ցույց տար իր արտաքին քաղաքական վեկտորի հետ կապված որոշակի պլաններ՝ այսինքն դեպի ինտեգրում միջազգային անվտանգային կառույցներին, ապա այդպիսի ելույթները շատ ավելի հաճելի կլինեին մեր ականջի համար։
Այսինքն՝ այս վիճակում, երբ մենք մի օր ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, երկու օր դուրս չենք գալիս, ցանկացած քննադատություն ռուսներին երեք անգամ ավելի մեծ ծավալով դիֆերանդներով ենք փորձում համեմել, սա առավելագույնն է, որ մենք կարող ենք ստանալ։Սրանից ավել լինել չի կարող»։
Ռեա՞լ է ՀԱՊԿ-ը լքելու պարագայում, ստանալ անվտանգային այլ երաշխիքներ, դիտարկմանն ի պատասխան, Հովհաննիսյանն ասաց.«Դա բնական է։
Աշխարհին ու արևմուտքին սև անվտանգային անցքեր այս տարածաշրջանում պետք չեն։ Այսինքն՝ ինչ-որ մարդիկ են այստեղ ապրում, այդ հարցն ինչ-որ ձևով կլուծեն կամ չեն լուծի, որովհետև դա սպառնալիք է նաև միջազգային անվտանգությանը և այդ երկրների շահերին։ Հայաստանը պետք է հստակ ունենա իր անվտանգային կառուցվածքը, որը պետք է լինի ավելի մեծ կառույցների հետ ասոցացված կամ դրա մաս։ Եվ եթե մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ինձ համար միանշանակ է, որ ոչ թե մեր հայեցողությանն են թողնում հետագան, այլ լուրջ, ծանր խոսակցություն պետք է լինի Հայաստանի ղեկավարության հետ, թե այդ դեպքում իրենք ինչպե՞ս են պատրաստվում ապահովել Հայաստանի անվտանգությունն ու բալանսը տարածաշրջանում»։
Հովհաննիսյանը, սակայն, համոզված չէ, որ Հայաստանն այդ խոսակցությանը պատրաստ է. «Որովհետև մենք ամեն ինչ շատ պարզունակ ենք պատկերացնում՝ ուզեցի դուրս եկա, չուզեցի՝ դուրս չեկա և այլն, բայց կա այդ ամենին ոչ միայն ռուսների, այլ նաև միջազգային ռեակցիա»։
Ինչ վերաբերում է առհասարակ թեմայի շուրջ քննարկումներին, բանաձևերին ու կոչերին, մեր զրուցակիցը գտնում է, որ դա հստակ ուղերձ է Ադրբեջանին, որ ինքը հարձակվելու, հարցն ուժով լուծելու իրավունք չունի.«Սա 2020 թվականը չէ։ Եթե ուզում ես անցնել այդ կարմիր գիծը, անցի՛ր, բայց հետո կստանաս համապատասխան մեծ ռեակցիա։ Դա ասում է Եվրամիությունը,Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն, Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այսինքն՝ Ալիևը, որն իր դաշնակիցների օգնությամբ բավականին հաջող կերպով հաշվարկել էր 2020 թվականի պատերազմի սկսելու ժամանակը, այժմ նման հնարավորություն չունի։ Նրան հասկացնում են, որ սա շատ վատ ժամանակ է և շատ վատ միջոց՝ ծանր հետևանքներով»,-եզրափակեց նա։