
Մինչ պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հայտարարում են, որ Ադրբեջանի հետ երկխոսության կգնան միայն միջազգային մեխանիզմների գործարկմամբ, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարում է, որ Ադրբեջանի իշխանությունների և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների ուղիղ շփումներն այլընտրանք չունեն և որ Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև ուղիղ և տեսանելի քննարկումների մեկնարկը ճիշտ ուղղությամբ քայլ է, և այն պետք է ողջունել.«Ուղիղ շփումներն այլընտրանք չունեն, երբ խոսքը տարաձայնությունները հասցեագրելու մասին է, որը պետք է տեղի ունենա բացառապես բոլոր առնչվող շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների միջոցով», -ասել է ԵՄ պաշտոնյան։
Կլաարը շեշտել է, որ երկխոսությունը պետք է միտված լինի վստահության ձևավորմանը, և ոչ թե առճակատումը բորբոքելուն.«Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում զերծ մնալ բացասական հռետորաբանությունից և կենտրոնանալ փոխզիջումային լուծումներ գտնելու վրա, որը կհասցեագրի բոլոր կողմերի ունեցած լեգիտիմ մտահոգությունները»,- շեշտել է Եվրամիության հատուկ բանագնացը։
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումները տեղի են ունեցել ռուսական կողմի միջնորդությամբ։ Թեպետ Բաքվում դա համարում են երկխոսություն և նշում, թե քննարկվել են ռեինտեգրացիայի մասին հարցեր, Ստեփանակերտը նշում է, որ դա երկխոսություն չէր և հանդիպման թեման էլ միայն հումանիտար հարցերն էին։
Ի՞նչ է նշանակում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Կլաարի հայտարարությունը։ Ինչու՞ Կլաարը չի նշում, որ ռուսական միջնորդությամբ հանդիպումները դեռևս երկխոսություն չեն, փոխարենն ասում, որ «ուղիղ և տեսանելի քննարկումների մեկնարկը ճիշտ ուղղությամբ քայլ է, և այն պետք է ողջունել»։ Արդյոք ԵՄ-ն ևս դեմ չէ, որ երկխոսության երաշխավորը լինի ռուսական կողմը։
Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովն ուրախ է, որ Բաքվում հասկացել են, որ պետք է ցանկացած պարագայում խոսել նույնիսկ իրենց իսկ լեզվով ասած «անջատողականների հետ». «Ճիշտ է՝ այժմ խոսակցության թեման հումանիտար հարցերն են, բայց հույս ունենանք, որ այդ քննարկումները կհասնեն քաղաքական երկխոսության և կքննարկվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Հիմա քննարկման առարկա է ավտոնոմիան և հարցն այն է, թե ինչ տեսակ ավտոնոմիայի մասին է խոսքը լինելու, առայժմ այլ սցենար չի քննարկվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Տարասովի դիտարկմամբ՝ եթե Բաքուն ու Ստեփանակերտը հասնեն հաջողության, Երևանն առհասարակ գործընթացից դուրս կմնա.«Իրար մեջ կպայմանավորվեն։ Փաստը, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշանակում է, որ ճանաչում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Բաքուն էլ ասում է՝ մեր հայերն են, մենք իրենց հետ կպայմանավորվենք։ Չեմ բացառում, որ իրադարձությունների զարգացման այսպիսի հեռանկարում, Բաքուն կարող է գնալ նաև խոշոր ինքնավարության՝ ընդհուպ մինչև Ղարաբաղի համար Սան Մարինոյի նման մի կարգավիճակի։ Այսինքն՝ եթե Բաքուն պայմանավորվի Ղարաբաղի հայերի հետ, Հայաստանն առհասարակ գործընթացից դուրս է մնում, անգամ կարող են Լաչինի միջանցքում էլ անցակետ դնել ու Հայաստանի հետ սահմանը գծել»,-նկատեց նա։
Դիտարկմանը, թե Երևանն ու Ստեփանակերտը պնդում են, որ գործընթացն ունենա միջազգային մեխանիզմներ, Տարասովն ասաց՝ Ստեփանակերտին բավարար կլինի եթե ռուս խաղաղապահներին տրվի գործելու լայն մանդատ.«Մենք միջազգային երաշխիքներին, մեխանիզմներին դեմ չենք։ Ինչքան ժամանակ է՝ պնդում ենք, որ ռուս խաղաղապահներին պետք է միջազգային կարգավիճակ տրվի, նրանց լիազորություններն ընդլայնվեն, որ գործելու ավելի լայն հնարավորություն ունենան։ Հայերն ու ադրբեջանցիները տարիներ շարունակ պատերազմել են, շատ արյուն է թափվել, ցանկացած պայմանագրի կնքումից հետո անգամ իրավիճակը չի կարող հանգիստ լինեն, ամեն դեպքում՝ խաղաղապահների անհրաժեշտություն երկու տարուց էլ է լինելու։ Ուստի Բաքուն ու Ղարաբաղը կարող են որոշել խաղաղապահների հետագա կարգավիճակը, դիմել միջազգային ատյաններին, դա էլ հենց կլինի միջազգային մեխանիզմ, երաշխիք, ի՞նչ է կարծում եք՝ արևմուտքը այդ գործընթացի երաշխավո՞րն է լինելու, զո՞րք է ուղարկելու, բա ինչու՞ մինչև հիմա չի արել։ Իրավիճակն այնքան պարզ է, որ նույնիսկ մտածելու հարց էլ չկա, կոնսպերոլոգիային էլ դիմել պետք չէ»։
Մեր զրուցակիցը շարունակեց.«Ոչ ոք իր զինվորներին Ղարաբաղ չի ուղարկելու, դրա համար էլ Եվրամիությունը դեմ չէ սկսված երկխոսությանը։ Ես չեմ բացառում անգամ, որ առաջիկայում համաձայնեն ռուս խաղաղաղպահներիյն միջազգային կարգավիճակ տալ։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանը չի ուզում վտարել հայերին, նրան այս փուլում առավել ձեռնտու է ինքնավարության լայն աստիճանով ինտեգրացիան, այլապես ներկայիս իրողություններում ինքը կդառնա իզգոյ, ցեղասպան պետություն, ինչն Ալիևին ընդհանրապես ձեռնտու չէ։ Իրենց պետք է հայկական անկլավն ինչ-որ տեսքով պահպանել, որ կարողանա արևմուտքի հետ հարաբերվել։ Հիմա Ալիևը շատ բան կարող է անել, ռեսուրս ու փող ունի, հետևաբար նաև մանևրելու հնարավորություն»,-ընդգծեց նա։
Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է լինեն միջազգային այլ մեխանիզմներ, արդյոք Եվրամիությունը հեշտությամբ կհամակերպվի, որ գործընթացը ծավալվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ՝ միայն ռուսների միջնորդությամբ, Ստանիսլավ Տարասովն արձագանքեց.«Ինչու՞ է Երևանին թվում, թե Ռուսաստանը խուսափում է միջազգային ներկայությունից կամ արևմուտքի միջնորդությունից։ Պուտինն ասել է՝ ում միջնորդությամբ ուզում եք, շարունակեք գործընթացը, խաղաղության պայմանագիրն էլ կարող եք կնքել անգամ թուրքերի միջնորդությամբ, մենք դեմ չենք։ Բայց հիմա կխնդրեմ ռեալ նայել հարցին՝ Եվրամիությունը կոնկրետ ինչ-որ բան արե՞լ է Ղարաբաղի հայերի համար, այսպես ասած՝ գետնի վրա։ Ռուսները արել են՝ 2000 զինվոր են ուղարկել, իրենք ի՞նչ են անում»,-եզրափակեց մեր զրուցակիցը։