Երբ ընդունում ենք օրենքներ և չենք իրականացնում վերահսկողություն դրանց նկատմամբ, առաջանում են երկակի բիզնես ստանդարտներ, կարծում է Սթեփ Քընսալթինգ ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյանը:
Նրա խոսքով` «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով անկանխիկ գնանշումը կամ գնային առաջարկը չի կարող ենթադրել ավելի բարձր գին, քան կանխիկ գնանշումը: Մի շարք տնտեսվարողներ՝ կանխիկ վճարման պայմանի դեպքում, կատարում են ավելի ցածր գնանշում կամ գնառաջարկ, և սա հաճախ կատարվում է նաև հրապարակային ձևով:
Ըստ վերոգրյալ օրենքի` ՊԵԿ-ը հանդիսանում է վերահսկող մարմին, որպեսզի հիշյալ օրենքի պահանջները կատարվեն:
Ոչ պատշաճ վերահսկողության արդյունքում խախտվում է ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված հավասարության սկզբունքը, իսկ բիզնես դաշտում առաջանում է անհավասար մրցակցություն, որը գործարարին կարող է տանել այն ուղղությամբ, որպեսզի վերջինս իրականացնի օրենքի պահանջների խախտում՝ վերականգնելով մրցակցության հավասարության սկզբունքը:
Չմոռանանք, որ մեկ այլ դիտանկյունից էլ ոտնահարվում են սպառողի իրավունքները: