Ադրբեջանը նման հայտարարություններով ուժային գործողությունների հիմք է նախապատրաստում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանին պետք է թշնամու կերպար հանձինս հայ ժողովրդի․ «Ադրբեջանը շտապում է առավելագույնը կորզել 2020-ի պատերազմի արդյունքներից, բայց չի ստացվում: Ադրբեջանը ուզում է իր հաղթանակը դարձնել բացարձակ․ Ալիևը ձեռ չի քաշում միջանցքի գաղափարից: Ալիևը միջանցքի հարցում հույսը չի կորցնում, որովհետև նրան խրախուսում է Մոսկվան»:
Մեհրաբյանը կարծում է, որ Հայաստանը իր բաժին անելիք պետք է անի, Մոսկվային հեռու պահի գործընթացներից․ «Հայաստանը բանակցային գործընթացը լիակատար պետք է տեղափոխի արևմտյան հարթակ, օգտագործելով ԵՄ առաքելության գործոնը: Ռուսական խաղաղապահությունը օգտագործվում է որպես պատրվակ արևմտյան նախաձեռնությունները մերժելու համար : Քանի կա ռուսական գործոնը Ադրբեջանի հետ այսպես են վարվելու․ ՀՀ-ն պետք է շարունակի այս կուրսը»: