Ստացվել են Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։ Այս մասին տեղեկացրել է զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Հայտնում եմ ձեզ, որ այսօր ստացել ենք Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։
Ըստ փորձաքննության եզրակացության հետևությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /շմոլ գազ/ և այրվածքային շոկից» »,-նշել է փաստաբանը:
Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
«Զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից և եզրակացությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հնարավորինս սեղմ ժամկետում հանդես կգանք հայտարարությամբ ու կներկայացնենք տուժող կողմի դիրքորոշումներն ու անելիքները»,-նշել է Նորիկյանը: