
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կողմերը քննարկել են ինչպես երկու երկրների երկկողմ համագործակցությունը, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Իրանական լրատվականների փոխանցմամբ՝ Աբդոլահիանն անդրադարձել է նաև տարածաշրջանում Իսրայելի ներկայությանը (նկատի ունենալով Ադրբեջանին)։ Նա նշել է, որ Կովկասում ճգնաժամի հետևանքներից մեկը Իսրայելի համար այս տարածաշրջանը բացելն է։ «Տարածաշրջանում սիոնիստների ներկայությունը մենք համարում ենք լուրջ սպառնալիք տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Որտեղ էլ նրանք ոտք են դրել, անապահովություն ու ճգնաժամ ստեղծելուց բացի՝ այլ պտուղ չեն ունեցել: Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր կողմերին զգուշացնում է՝ խելամտորեն վարվել իսրայելական ռեժիմի պահվածքի հետ և չբացել սիոնիստական ռեժիմի ոտքերը Կովկասում և այլ տարածաշրջաններում»,- ասել է Աբդոլահիանը։
Իսրայելցի հրապարակախոս, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը վրդովվելով Իրանի արտգործնախարարի հայտարարություններից «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց.«Պետք է ուշադրություն դարձնել ցածր ու գռեհիկ ոճին, որը վիրավորում է կանանց արժանապատվությունը։ Այսպես են խոսում ոչ թե արտաքին գործերի նախարարները, այլ խուլիգանները։ Ի՞նչ սպառնալիքներ կան Իսրայելից. Իսրայելն իր նպատակն է հռչակում Իսրայելի ինքնիշխանության վերացումը, թե՞ հակառակը»։
Էսկինի խոսքերով՝ Իրանը ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված է եղել ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքացիների դեմ բազմաթիվ ահաբեկչական հարձակումների մեջ.« Իրանը շարունակում է ֆինանսավորել Հեզբոլլահին և Համասին. Սա ոչ միայն սպառնալիք է Իսրայելի, այլ նաև Միացյալ Նահանգների և ողջ ազատ աշխարհի համար»։
Մեր զրուցակիցն ընդգծեց, Իրաքից հետո աշխարհում ԱՄՆ երկրորդ դեսպանատունը գտնվում է Երևանում և այն, իր խոսքերով, զբաղվում է հենց Իրանով.« Հայաստանը բազմավեկտոր է. Նա սերտ հարաբերություններ է պահպանում Իրանի հետ և միևնույն ժամանակ կարևոր օգնություն է ցուցաբերում Վաշինգտոնին։
Իրանը հարձակվում է Իսրայելի վրա Հեզբոլլահի, Համասի և Իսրայելի ներսում։ Չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը։ Իսրայելի դեմ ագրեսիայի փաստերը լայնորեն հայտնի են»։
Էսկինի դիտարկմամբ՝ Իսրայելը կգործի իր անվտանգության պահանջներին համապատասխան, և այդ նպատակով կօգտագործի իրեն հարմար ցանկացած տարածք.«Վերջերս Իրանն ինքն է ամենահարմար տարածքը։ Այնտեղ շատ հետաքրքիր բաներ կատարվեցին»,-ասաց մեր զրուցակիցը՝ պատասխանելով մեր այն հարցին, արդյոք Իրանի վրա հարձակման համար Իսրայելի կարող է օգտագործել ադրբեջանական տարածքները՝ այդ թվում նաև պատերազմի ժամանակ Հայաստանից օկուպացված։
Եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կյանքի կոչվի, ինչպե՞ս կարձագանքի դրան Իսրայելը, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց.«Իրանի հետ պայմանավորվածություն չի նախատեսվում. Ուկրաինայում ռազմական գործողություններ իրականացնելու համար Ռուսաստան զենքի մատակարարումների մեկնարկից հետո Իրանի հետ գործարքն անհնար դարձավ։ Միջուկային գործարք չի լինելու. Իսկ Իսրայելն օգտագործում է իր հնարավորությունները սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,-եզրափակեց նա։