Ադրբեջանը հստակ գնում է իրավիճակի լարման
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
-Արցախում ադրբեջանական ԶՈւ դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Ինչո՞վ եք պայմանավորումը հերթական դիվերսիան։
–Իմ դիտարկմամբ, Ադրբեջանը հստակ գնում էր իրավիճակի լարմանը, քանի որ Լաչինի միջանցքի՝ երեք ամսվա շրջափակումը չէր տալիս ցանկալի արդյունքները: Վերջին օրերի ադրբեջանական դաշտի մոնիթորինգը գալիս էր փաստելու, որ ի հեճուկս շատերի պնդումների՝ Ռուբեն Վարդանյանի հեռացումը ոչ միայն չէր բերելու իրավիճակի կարգավորմանը, այլև ավելի էր լարելու այն: Ինչու՞: Որովհետև Ադրբեջանը նախ ազատվեց այն անձից, ով ակտիվ կապ էր պահում միջազգային լրատվամիջոցների հետ և մանրամասն ներկայացնում Արցախում ստեղծված իրադրությունը, հետո անցավ իր հայտնի գորճելաոճի իրագործմանը: Իմ դիտարկմամբ, Ալիևը համոզել էր Մոսկվային Արցախի իշխանություններին ճնշելով հասնել Վարդանյանի հեռացմանը՝ միգուցե միջանցքի բացման խոստում տալով: Բայց հետո Բաքուն հետքայլ արեց, ինչպես և սպասելի էր: Ալիևի նպատակը եղել և մնում է նույնը՝ ազատվել Արցախում ապրող հայերից՝ ցանկացած մեթոդով:
-Հնարավո՞ր է այս ամենը պայմանավորված է օրերիս Փաշինյանի՝ Բեռլին աշխատանքային այցով, որտեղ գերմանացի գործընկերները հստակ գնահատականներ տվեցին, մասնավորապես տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի հետ կապված։
–Ըստ իս՝ սա ավելի շատ կապված է Լավրովի՝ Բաքու կատարած այցի հետ: Այդ այցը ես համարում եմ ձախողված, որովհետև ՌԴ–ն ևս մեկ անգամ ցույց տվեց իր թուլությունը, Բաքուն էլ մաքսիմալ օգուտ է քաղում այդ իրավիճակից: Սա Ալիևի պատասխանն է Լավրովի և Միրզոյանի այն հայտարարություններին, որ Լաչինի միջանցքում անցակետ չի կարող լինել: Ադրբեջանում պարզ տեքստով խոսում են, որ ունեն մոտ երկու տարի ու պետք է հասնեն անցակետի տեղադրմանը, ինչը նշանակում է արագորեն դուրս հանել հայերին Արցախից: Չկան հայեր, չկա խնդիր, սա էլ Ալիևի անփոփոխ տրամաբանությունը:
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ ռուս խաղաղապահներն իրենց գործառույթները չեն կատարել և չեն էլ կատարելու։
—Ինչպես նշեցի, ռուս խաղաղապահներն արդեն ցույց են տվել իրենց թուլությունը, բայց ավելի ճիշտ կլինի ասենք՝ Մոսկվան հստակ հրահանգներ չի տալիս: Նրանց թվում էր, թե կկարողանան Բաքվին սիրաշահելով հասնել միջանցքի բացմանն ու դրանով փոքր–ինչ վերականգնել իրենց խաթարված հեղինակությունը, բայց բոլորովին այլ արդյունք ստացան: Ալիևը մտածում է ազատվել և՛ հայերից, և՛ իհարկե խաղաղապահներից: Փաստը մնում է փաստ՝ անկախ միջազգային գործընկերների կոչերից ու հայտարարություններից՝ մենք պետք է, ժողովրդի լեզվով ասած, մեր գլխի ճարը տեսնենք, չենք կարող լուռ նստել ու նայել, թե ինչպես են վարվում Արցախում ապրող մեր հայրենակիցների հետ: Ադրբեջանը հստակ ցույց է տալիս, որ Արցախի հարցը «փակելուց» հետո կանցնեն Սյունիքի նկատմամբ գործողությունների: Պետք է արագ քայլեր ձեռնարկենք, օրինակ՝ ԱԳՆ–ն կարող է վաղը ևեթ հավատարմագրված դեսպաններին հրավիրել հանդիպման և ցույց տալ, թե ինչպես է Ադրբեջանն արհամարհում միջազգային բոլոր կոչերը, դատարանի որոշումը, ինչպես է Ալիևն իրեն դուրս դնում միջազգային համակարգերից: Մենք կոչերով չենք կարող բավարարվել, մեզ գործողություններ են պետք: