Գերմանիան մտադիր է Շվեյցարիայից հետ գնել այնտեղ պահարկման ենթարկված (կոնսերվացված) Leopard 2 տանկերը: Փետրվարի 23-ի նամակում Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Վիոլա Ամհերդից խնդրել են հավանություն տալ այդ գործարքին, մարտի 3-ին հաղորդել է շվեյցարական Blick թերթը: Այդ մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:
Գերմանիայի կառավարության պլանների համաձայն՝ սպառազինությունից հանված 96 Leopard 2 տանկերը պետք է վերադարձվեն գերմանական Rheinmetall արտադրող ընկերությանը: Գերմանիան հույս ունի, որ այդ տանկերը թույլ կտան լրացնել տեխնիկայի պակասը Եվրամիության և ՆԱՏՕ-ի այն երկրների զինանոցներում, որոնք տանկեր են մատակարարում Ուկրաինային, նշում է Blick-ը։
Հրատարակության տեղեկության համաձայն՝ շվեյցարական բանակն արդեն սկսել է նախնական քննարկումներ անցկացնել պահարկման ենթարկված Leopard-ները Գերմանիային վաճառելու շուրջ։
Շվեյցարիայի զինվորական ներկայացուցիչը Blick-ին տված հարցազրույցում ասել է, որ երկրի բանակը կարող է հրաժարվել սահմանափակ քանակությամբ մարտական տանկերից, սակայն 34 կոնսերվացված տանկ անհրաժեշտ Է սեփական կարիքների համար:
Նախօրեին Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Վիոլա Ամհերդը գերմանացի նախարարներին նախազգուշացրել էր, որ Գերմանիային Leopard-ների վաճառքին դեռ պետք Է հավանություն տա շվեյցարական խորհրդարանը:
Շվեյցարացի խորհրդարանականների մեծ մասը վերջին ժամանակներս քննադատորեն են գնահատել Leopard 2-ները Գերմանիային վերադարձնելու հնարավորությունը։ Շվեյցարիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է Blick թերթի հաղորդագրությունը։