Հունաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախումից հետո զոհերի թիվը կարող է ավելանալ, հաղորդել է հրշեջ ծառայությունը: Առայժմ իշխանությունները հայտնել են 36 զոհի մասին: 72 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկանում է BBC-ից:
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է Լարիսա քաղաքի կայարանի հսկիչը: Նրան մեղադրանք է առաջադրվել անփութության հետևանքով սպանության հոդվածով:
Կայարանի հսկիչը, որը պատասխանատու է ազդանշաններ տալու համար, հերքել է իր կողմից սխալը և նշել, որ վթարն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով:
Քննիչները փորձում են պարզել, թե ինչու են երկու գնացքները գտնվել նույն ռելսուղու վրա:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը այցելել է դեպքի վայր և խոստացել պարզել տեղի ունեցածի պատճառները: Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել: