
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, որն ընդամենն ամիսներ առաջ պնդում էր, թե խորհրդարան ընդդիմությունը չի վերադառնալու և հետքայլ չի լինելու, օրերս հայտարարել է, որ իրենց օրակարգը նույնն է մնացել, իրենք ունեցել են բազմաթիվ հաջողություններ, նաև բացթողումներ, որոնցից պետք է դասեր քաղել ու գնալ առաջ։
«Այո, մենք միայն խորհրդարանական գործունեությամբ չենք բավարարվելու: Ամենակարևորը՝ այս իրավիճակի հետ չենք համակերպվում, հետքայլ չի լինելու։ Պատրաստվելուց և բացթողումները, որոնք ունեցել ենք, այդ հարցերը լուծելուց հետո գնալու ենք առաջ, գնալու ենք դեպի պայքարի նոր գունավորում: Նիկոլի իշխանությունով մենք ունենալու ենք նոր պատերազմ, նոր կապիտուլյացիա։ Հետևաբար, մեր խնդիրն է, որ այն հարցերը, որոնք մինչև հիմա չենք կարողացել լուծել, լուծենք, լրջորեն նախապատրաստվենք և շարունակենք պայքարը»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմության պայքարը վերաիմաստավորելու, վերակազմակերպելու, ընդդիմադիր դաշտը բյուրեղացնելու հարցերն առաջնահերթ են։
ՀՅԴ Բյուրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանը, անդրադառնալով Սաղաթելյանի հայտարարություններին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Որևէ ընդդիմություն, բնականաբար, ձգտում է իշխանափոխության, բայց այս ընդդիմությունը պայքարելու հող չունի ոտքերի տակ, որովհետև զուրկ է ժողովրդի հենարանից»: Ժողովրդի վստահությունն ընդդիմությունը կորցրել է 2018-ի մայիսին:
Սփյուռքը, նրա խոսքով, առանձնահատուկ վերաբերմունք չունի ընդդիմության նկատմամբ, քանի որ Սփյուռքը տարբեր շերտավորումներ ունի:
Պրահայում բնակվող տնտեսագետ, քաղաքական մեկնաբան Բագրատ Առաքելյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ընդդիմության խորհրդարան վերադարձը և դրան հաջորդած հայտարարությունները շատ խղճուկ տեսարան են ստեղծել:
«Անձամբ ինձ մոտ տպավորություն է, որ այդ մարդիկ ինչ-որ կազմակերպության անդամներ են, որոնք ոմն երկրորդ կողմից ինչ-որ պատվեր են վերցրել, գումարը արդեն ծախսել և հիմա փորձում են տպավորություն ստեղծել, որ վերցված պատվերը կատարվում է: Ինչ լայն մասսաների մասին են իրենք խոսում, ես չեմ կարողանում պատկերացնել, քանի որ իրենց նախորդ, այսպես ասած, պրպտումների ժամանակ բոլորս տեսանք, թե ինչ «լայն շերտեր» իրենք կարողացան իրենց կողմը գրավել:
Նույնիսկ այն քիչ մարդաքանակը, որոնք իրենք կարողանում էին հավաքել իրենց ակցիաների ժամանակ, ստեղծում էին շնորհիվ այն մարդկանց, որոնք կամ աշխատում են իրենց ձեռնարկություններում, կամ իրենց մտերիմներն են, բարեկամներն են, որոնց իրենք կիսաստիպողական կերպով ուղարկում էին իրենց ցույցերին; Բավական էր մակերեսային հայացք գցել այդ ակցիաների մասնակիցների վրա և պարզ էր դառնում, որ այդ մարդիկ ոչ մի քաղաքական գաղափար չեն տանում, այլ պարզապես ինչ-որ պատվեր, ավելի ճիշտ հրահանգ են կատարում»,-ասաց Առաքելյանը: Իսկ իրականում, նրա կարծիքով, ընդդիմության շարժիչ ուժը մարդկային վախն է, որն իրենց մոտ առկա է այն քրեական գործողությունների հետ կապված, որոնք տեղի են ունենում իրենց՝ արդեն բազմաթիվ համակիրների և նույնիսկ գործընկերների հանդեպ:
«Համոզված եմ, որ իրենցից շատերը շատ լավ այսօր գիտակցում են, որ ոչ մի քաղաքական ապագա իրենք այլևս չունեն: Ինչպես չունի քաղաքական ապագա իրենց պատվիրատուն, որը, տարիներ շարունակ մարիոնետային թելերից քաշելով, իր քմահաճույքներն ու ամբիցիաներն էր իրագործում երկրի հաշվին և ի դեմս մեր ժողովրդի ապագայի: Կարծում եմ՝ իրենց ժամանակը վերջացել է»,-հավելեց նա: