
Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Գառնի-Հացավան ավտոճանապարհին՝ Հացավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և չսպասելով շտապօգնության ժամանմանը՝ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորի ինքնությունը: