
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովում նշել է, որ հիմնավոր փաստ կա, ինչն արտահայտվում է շրջանառվող փաստաթղթերով, որ ՀՀ իշխանություններն արդեն համաձայնություն են տվել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ինչը շատ վտանգավոր երևույթ է։
«Սա կամրագրվի, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Այսօր ՀՀ–ն Ադրբեջանի և միջնորդների համագործակցությամբ փորձում է սրան այնպիսի փաթեթավորում տալ, որը կքողարկի այն։ Ավելին` ինչու չէ, եթե ստացվի, նաև որպես ձեռքբերում կներկայացնեն սա»,– ասել է Օսկանյանը։
Նա նշել է, որ եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի այդ բովանդակությամբ, ապա Արցախը կվերածվի Ջավախքի, իսկ հետո Նախիջևանի։
Օսկանյանի խոսքերով՝ ՀՀ իշխանությանը շատ դժվար կլինի «լղոզել կամ քողարկել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հանգամանքը, քանի որ Ադրբեջանը կպահանջի, որ սևը-սպիտակով այդ հարցը ձևակերպվի թղթի վրա»։ Նա նշել է, որ քողարկումը վերաբերելու է այն հանգամանքին, որ չնայած Արցախն Ադրբեջանի կազմում լինելու դրույթ է լինելու, սակայն նշվելու է, որ պետք է Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսություն լինի։ Սրանով էլ, ըստ նրա, տպավորություն են ստեղծելու, թե պատուհանը բաց է Արցախի ժողովուրդը դեռ կարող է որոշում կայացնել։
Նախկին արտգործնախարարը նշել է, որ ՀՀ որևէ իշխանություն Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել` 3 նախագահներն էլ մեկ նպատակ են ունեցել, որ ի վերջո ԼՂ–ն Հայաստանի մաս է դառնալու, իսկ հիմա բանակցային օրակարգը թելադրվում է Ադրբեջանի կողմից, և բանակցային օրակարգում չկա հայկական օրակարգ։
Այս պահին, ըստ նրա, մենք մեր առջև պետք է մի խնդիր դնենք` չստորագրել այս պահին որևէ փաստաթուղթ, և ՀՀ իշխանություններն այսօր ունեն այդ հնարավորությունը։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծքում է, որ Օսկանյանը շահարկում է անում.«Իրականում այս պահին սեղանին չկա դրված որևէ փասատթուղթ, որ Հայաստանն էլ որոշի ստորագրել կամ չստորագրել այն։ Անկախ ամեն ինչից, զարգացումները գուցե այնպիսին լինեն, որ մոտակա ամիսներին, նույնիսկ տարիներին որևէ բան չստորագրվի։ Ստորագրել-չստորագրելու խոսույթը ներմուծում է Օսկանյանը կամ Օսկանյանի հետևում կանգնած քաղաքական ուժերը, որոնք փորձում են դրա միջոցով հասարակության վերաբերմունքը գեներացնել և քաղաքական կապիտալ հավաքել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Եթե այնուամենայնիվ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու, ապա ըստ մեր զրուցակցի, այն դեպքում, երբ այն կբավարարի Հայաստանի շահերին, բնականաբար պետք է ստորագրել.«Եթե չբավարարի, ապա չեմ կարծում, որ որևէ իշխանություն՝ հակառակ Հայաստանի շահերին որևէ բան ստորագրի»։
Նախկինում որևէ բան չստորագրելը, կարգավորման չգնալը, արդյոք ավելի վտանգավոր զարգացումների չհանգեցրեց, հարցին ի պատասխան, Ղևոնդյանն ասաց.«Ես չեմ կարծում, որ Օսկանյանի արտաքին գործերի նախարար եղած ժամանակահատվածում Հայաստանը խուսափել է կարգավորման տարբերակներից։ Ընդհակառակը՝ մենք տեսնում էինք, որ կարգավորման տարբերակներ են եղել, երբ Հայաստանն, ընդհակառակը, դրական մոտեցում է ունեցել։ Այնուամենայնիվ հարցն այն է, որ թե՛ այդ մոտեցումները և թե՛ Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացները, (որոնց վերաբերյալ Օսկանյանը չեմ հիշում, որ որևէ բան ասած լինի), խոսում է այն մասին, որ այն ժամանակ էր պետք թույլ չտալ, որ խնդիրները հասնեն այս օրվան»։
Խոսելով Արցախը Ջավախքի, ապա Նախիջևանի վերածվելու Օսկանյանի պնդումների մասին, մեր զրուցակիցը նկատեց.«Նորից պետք է վերադառնանք այն հարցին, որ Ջավախքի կամ Նախիջևանի վերածվելու համար պետք է լինի ինչ-որ կարգավորում։ Իսկ կարգավորման նույնիսկ «դրաֆթ» տարբերակն այս մասին գոյություն չունի։ Կան ընդհանուր սկզբունքներ, որոնց շուրջ խոսակցություններ են գնում՝ եթե չհաշվենք Խովաևի տարբերակը, որը ևս չի ստորագրվել և դժվար էլ ստորագրվի։ Այլ տարբերակ սեղանի վրա գոյություն չունի, ընդամենը բանակցություններ են ընթանում տարբեր բաղադրիչների վերաբերյալ համաձայնությունների հասնելու համար։ Սա կարող է տևել ամիսներ, տարիներ, նախորդ դեպքում մենք տեսանք, որ տասնամյակներ տևեց»։
Դիտարկմանը, թե փաստորեն այս փուլում խաղաղության պայմանագրի ստորագրումը հավանական չէ, քաղաքագետն ասաց.«Ստորագրելու համար առաջին հերթին պետք է պայմանագրի նախնական տարբերակ։ Այն պետք է քննարկվի հասարակության կողմից, պաշտոնական ընթացակարգեր անցնի։ Իսկ դա մեկ-երկու օրվա, նույնիսկ ամսվա խնդիր չէ, շատ երկար գործընթաց է։ Առավել ևս, որ այդ պայմանագրի շատ բաղադրիչների նկատմամբ, ինչպես նշեցի, չկա համաձայնություն։ Այնպես որ՝ մոտ ժամանակներս ինչ-որ բան ստորագրելու գործընթաց չի սպասվում։ Իսկ Օսկանյանը կամ այն անհատները, ովքեր հավաքվել էին Մատենադարանում, պարզապես շահարկումների էին դիմում՝ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար»։
Մեր այն հարցին, արդյոք նախկին իշխանությունները տեղ ունեն գործող իշխանությանը քննադատելու համար և արդյոք իրենք ավելի լավ տարբերակների շուրջ են բանակցել, Ռոբերտ Ղևոնդյանն ասաց.«Իրենք ժամանակ են ձգել, բանակցել են տարբերակներ՝ ունենալով այն կարգախոսն իրենց առջև, որ ամենավատ բանակցությունները պատերազմից լավ է, բայց ժամանակը ցույց տվեց, որ դա ընդամենը պատերազմի ձգձգում է նշանակել, ավելի ու ավելի վատ մեկնարկային պայմաններում դնելով Հայաստանը։ Ի վերջո՝ պատերազմը լինելու էր, ընդ որում՝ պետք է մի կարևոր բան ասել, քանի որ պատերազմն անխուսափելի էր, շատ ճիշտ կլիներ, որ այն լիներ այն ժամանակ, երբ Հայաստանն ուժեղ էր։ Հայաստանը թուլացնելով ու բերելով այն վիճակի, որ ի վերջո պատերազմ եղավ և նաև այսօր մեղադրել իշխանություններին այդ պատերազմի արդյունքների համար՝ արդար չէ»,-եզրափակեց նա։