
Ուկրաինայի դեմ ՌԴ սկսած պատերազմի տարելիցի կապակցությամբ արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ պատերազմը գոնե առայժմ բավականին հեռու է ավարտից, ինչը նշանակում է, որ շարունակում է բավականին մեծ լինել այլ ռեգիոնների, հետևաբար նաև Կովկասի վրա դրա բացասական ազդեցության ռիսկը: Իհարկե տնտեսական առումով պատերազմի ազդեցությունը դրական է, հատկապես Հայաստանի վրա: Սակայն, անվտանգային տեսանկյունից մարտահրավերները գեներացվել են այնպիսի ծավալով և ուժգնությամբ, որ դրանց հանդեպ տնտեսական էֆեկտը պարզապես նվազագույն «բալանսավորող» իրողություն է: Ինչ խոսք, շատ ավելի ծանր կլիներ, եթե անվտանգության մարտահրավերների աճին զուգահեռ լինել տնտեսական անկում: Ի վերջո, հենց տնտեսական կարողություններն են անվտանգության ռիսկերին ու սպառնալիքներին հակազդելու կարողության հիմքը և այդ իմաստով բարեբախտություն է, որ տնտեսական առումով պատերազմի ազդեցությունն ունեցել է դրական արդյունք:
Այսօր Հայաստանի համար կարևորագույն խնդիրը տնտեսական արդյունքի ինստիտուցիոնալ կայունացումն է, թեկուզ տոկոսային ցուցանիշների դանդաղեցման կամ նվազման ռիսկի պայմաններում: Որովհետև, միջազգային իրավիճակը շարունակելով գտնվել անկանխատեսելիության բավականին բարձր լարման փուլում, որևէ կերպ չի երաշխավորում տնտեսական արդյունքի կայունություն: Որևէ կերպ բացառված չէ, որ հաջորդ պահին կարող է փոխվել իրավիճակն ու պատերազմը կարող է ունենալ Հայաստանի համար ոչ թե տնտեսական արդյունք, այլ հետևանք, գումարվելով անվտանգային հետևանքներին: Ըստ այդմ, ներկայիս կարևորագույն խնդիրը տնտեսական ռեֆորմացիան է, տնտեսությունում ինստիտուցիոնալ կայունության հաստատումը, որը թույլ կտա ձևավորել ներքին ու արտաքին տնտեսվարողների, տնտեսական շահառուների համար կանխատեսելի միջավայր: Դրանից բացի, տնտեսական նկատելի բարձր արդյունքը ռեֆորմացիայի լավագույն պահն է, քանի որ ռեֆորմը ունի գին և այդ գինը որպես կանոն վճարում է տնտեսությունը, հետևաբար դրա լավագույն ժամանակը այն ժամանակն է, երբ տնտեսությունը այսպես ասած վճարունակ է: Բայց, Հայաստանում չկա տնտեսական ռեֆորմի կոնցեպտուալ տեսալական: Համենայն դեպս, եթե կա այդպիսի բան, այն հանրությունից պահվում է փակ, որովհետև տնտեսական քաղաքականության համար պատասխանատուները կարծես թե խոսում են միայն տրիվիալ ճշմարտությունների լեզվով՝ ներդրումային միջավայրի բարելավում, կոռուպցիայի դեմ պայքար, հովանավորչության բացառում և այլն:
Մի կողմ թողնենք, թե որքանով է այդ ամենը խորապես համապատասխանում իրականությանը, քանի որ կա օրինակ կոռուպցիայի համաթվի հարցում Հայաստանի երեք կետով նահանջը, ինչը նշանակում է պայքարի թուլացում: Անգամ ամենալավ սցենարի պարագայում, ներդրումային միջավայրի բարելավումը, կոռուպցիայի դեմ պայքարը կարևորագույն պարամետր լինելով, տնտեսական ռեֆորմի նախադրյալ, նախադուռ են, ոչ թե ռեֆորմ: Հակառակ պարագայում, տնտեսագիտությունը կնույնականացվեր իրավագիտության կամ քրեագիտության հետ: Հայաստանում չկա տնտեսական ռեֆորմի հայեցակարգ, կան ընդհանուր դեկլարացիաներ, արտաքին կոնյուկտուրայից բխող վիճակագրական բարձր էֆեկտ, և ազգային դրամի բարձրացող արժեք, ինչը իջեցնում է ազգային արտադրության, արդյունաբերության, արտահանման շանսերը: Բավականին տրենդային է քննարկել համաշխարհային պատերազմի պայմաններում քաղաքական, դիվանագիտական, անվտանգային հարցերը, առավել ևս էպատաժային տրամաբանական հնարքներով: Մինչդեռ, Հայաստանի պետականության հիմքը՝ տնտեսությունն իր ռեֆորմացիոն կարիքներով և ռազմավարական հրամայականներով, դուրս է քննարկումների գերակա օրակարգից: Այն դեպքում, երբ որևէ այլ ուղղությամբ Հայաստանի դիմադրունակությունը ձևավորվում է այդտեղ, որտեղ այսօր ձևավորվում է բավականին գեղեցիկ և գրավիչ մի վիճակագրական պատկեր, որը սակայն սպառնում է լինել փուչիկ, եթե ձևավորվելով արտաքին իրողությունների բերումով, գոյություն է ունենալու ներքին տնտեսական իրողությունների «ուսերին»: