
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փետրվարի 28-ին կայցելի Ղազախստան։ Այս մասին ուրբաթ հայտնել Է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը։
Այցը կկայանա փետրվարի 28-ին։ Հաղորդվում է, որ սա առաջին պաշտոնական այցն է Ղազախստան։
Ակնկալվում է, որ պետքարտուղարը կհանդիպի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ և բանակցություններ կվարի Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդիի հետ: Նույն օրը Աստանայում պետքարտուղարի մասնակցությամբ տեղի կունենա Կենտրոնական Ասիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ C5+1 ձևաչափով հանդիպումը:
Քարտուղարը C5+1 նախարարական հանդիպման շրջանակում առանձին հանդիպումներ կունենա Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունները։
Այնուհետև պետքարտուղարը կմեկնի Ուզբեկստան, որտեղ կհանդիպի երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հիշեցնենք, որ C5 + 1 ձևաչափն իրենից ներկայացնում է Կենտրոնական Ասիայի հինգ երկրների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) և ԱՄՆ-ի միջև փոխգործակցության բազմակողմ մեխանիզմ։ Այն ստեղծվել է 2015 թվականին՝ տնտեսության, բնապահպանության և անվտանգության ոլորտներում տարածաշրջանային հարցերի քննարկման համար։