
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
Հայաստանում և Արցախում հասկանալիորեն շարունակվում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնից ազատման իրողության քննարկումը: Տեսակետներն ու մեկնաբանությունները ամենատարբեր են, սակայն դրանք «շրջանցում» են թերևս գլխավոր հարցը՝ ի՞նչ է լինելու հետո, հիմա ի՞նչ: Արցախը կանգնած է շրջափակման շարունակվող իրողության և դրանից բխող հետևանքների առաջ: Բայց, խորքային խնդիրները չեն սահմանափակում դրանով: Մոլորություն է կարծել, թե Լաչինի ապաշրջափակումը նշանակելու է խնդիրների լուծում կամ չեզոքացում:
Ի վերջո, եթե դիտարկենք առավել խորությամբ, Լաչինի շրջափակումը ինքնին հետևանք է՝ եղած խորքային խնդիրների չլուծվածության հետևանք, սկսած աշխարհաքաղաքական-անվտանգային մեծ մասշտաբից, մինչև այդ մասշտաբում արցախյան հակամարտության, հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս տեղի ու դերի հարց: Այդտեղ առկա մեծ անորոշություններն են, որ բերում են այնպիսի իրավիճակների, ինչպիսին օրինակ Փարուխ-Քարագլուխը, կամ Լաչինը: Մի դեպքում դրսևորումը կլինի ռազմական ձևով, մեկ այլ դեպքում՝ «էկոակտիվիստական»: Իսկ հետևանքը նույնն է, խորության վրա նույնն է մարտահրավերը: Սրա շուրջ հանրային քննարկումներ չեն եղել և չկան, փոխարենը կա բուռն փոխհրաձգություն անձանց շուրջ: Այսօր դրա առիթը Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունն է, վաղը կլինի մեկ այլը, երեկ՝ այլ էր, վաղը չէ մյուս օրը՝ կգտնվի նոր անձ կամ որևէ հին անձի հետ կապված նոր թեմա:
Անձնավորված ընկալումների այս «քաղաքականությունն» է նաև այն խորքային պատճառներից մեկը, որ հանգեցրել է պետական ներուժի էական թուլացման, հանրային և քաղաքական կյանքի դեգրադացման, քաղաքական մտքի չեզոքացման, աղճատման: Ու դա շարունակվում է, ընդ որում աճող մոլեռանդությամբ: Փնտրվում են կուռքեր և թշնամիներ, մեկը մյուսով ապրեցնելու համար: Իսկ այդ փնտրտուքը, եթե այն իրականացվում է մինչև իսկ ակադեմիական մտքի նրբագեղությամբ, «սպանում» է Հայաստաննի և Արցախի քաղաքական առողջ կյանքի, հետևաբար պետական կենսունակության ինստիտուցիոնալ որևէ կայուն հեռանկար: Ինչպես դուրս գալ այդ շրջափուլից, հասարակական-քաղաքական կյանք կոչվածը ինչպես հանել կուռքի և թշնամու այս անվերջ փնտրտուքի ճահճից: Այստեղից կարող են սկսել օրախնդիր մյուս լուծումների հեռանկար բացող արդյունավետ ուղիները: