
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ժողովրդագետ, ՄԱՀՀԻ փորձագետ Արտակ Մարկոսյանը
Պարոն Մարկոսյան, 2022-ին ՌԴ ավելի քիչ աշխատանքային միգրանտներ են մենկել Հայաստանից: Ըստ ՌԴ հրապարակած վիճակագրության՝ թիվը նվազել է 8,7%-ով, մինչև 15,6 հազար մարդ: Արդյոք այս հանգամանքը պայմանավորվա՞ծ է ռուս-ուկրաինական պատերազմով:
Այո, մենք այդ միտումն արդեն տեսնում ենք պաշտոնական վիճակագրության մեկնաբանմամբ, և սա բավական սպասելի էր: Ռուսաստանում նաև աշխատանքային միգրանտների առումով բավական լուրջ փոփոխություններ են կատարվել: Նաև պետք է հաշվի առնենք Ռուսաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, որից կախված է նաև մեր հայրենակիցների հոսքը դեպի այդ երկիր: Հիմա գործընթացներն այնպիսին են, որ հնարավոր է, որ այդ հոսքը ավելի պակասի: Իմ կարծիքով՝ այդ նվազումը պետք է շարունակվի:
Մյուս կողմից խոսվում է այն մասին, որ այս ամենը նպաստելու է Ռուսաստանից մեր հայրենակիցների վերադարձին դեպի Հայաստան: Այդ միտումը ևս շարունակվելո՞ւ է:
Դա կրկին կախված է աշխարհաքաղաքական գործընթացներից: Այն կանխատեսումները, որ Ռուսաստանում երկնիշ տնտեսական անկում է գրանցվելու նախորդ տարի կային, դեռևս չիրականացան: Դեռևս վերջնական թվերը հրապարակված չեն ՀՆԱ-ի անկման, բայց համենայնդեպս աղետալի տնտեսական ցուցանիշներ չեն արձանագրվել 2022-ի կտրվածքով: Դեռևս պարզ չէ, թե 2023-ին ինչպիսի ազդեցություն կունենան այն գործոնները, որոնք արդեն սկսեն ազդել կոնկրետ ՌԴ տնտեսության վրա: Պետք է հաշվի առնել, որ պատժամիջոցների բավական լուրջ փաթեթներ են ընդունվել և դրանք ակնհայտորեն այս տարի կսկսեն ազդեցություն ունենալ: Այս պարագայում հնարավոր է՝ Ռուսաստանի ՀՆԱ-ի անկումն ավելի մեծ լինի, քանի որ միայն այս տարվա հունվարի կտրվածքով Ռուսաստանի բյուջեն շատ լուրջ պակասորդով է կատարվել: Իրենք նախատեսել էին կոնկրետ 3 տրլն ռուբլի ամբողջ տարվա համար, իսկ արդեն հունվարին 1,7 տրլն ռուբլի պակասորդ էր արձանագրվել: Այսինքն դա կախված է աշխարհաքաղաքական գործընթացներից, որոնք այսօր բավական դինամիկ են զարգանում, և ժվար է ասել, թե ինչ արդյունքներ կարող են վերջնարդյունքում գրանցվել: Համենայնդեպս, նախորդ տարվա ընթացքում այդ սանկցիաների ու արգելափակումների հետևանքով դեռևս Ռուսաստանը լուրջ անկում չունեցավ: Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց կարծում եմ՝ այս տարի ավելի լուրջ անկում կարող է գրանցվել:
Կարո՞ղ ենք ասել, որ հեռանկարի բացակայությունն է պատճառը, որ մեր հայրենակիցները մեծ հոսքերով չեն գալիս Հայաստան:
Շատ դժվար է թողնել տարիներով ստեղծածը և մեկնել այլ երկիր: Մարդիկ 30, 40, 50 տարի Ռուսաստանում են բնակվում, լուրջ աշխտանք ունեն, բավական լուրջ եկամուտներ ունեն, բնակարաններ ունեն, գույք ունեն: Միանգամից այդ ամենը թողնելն ու վերադառնալը շատ դժվար է: Բնական է, որ ուզում են տեղափոխվել, բայց պետք է ինչ-որ համարժեք տարբերակ գտնեն, որ կարողանան նաև իրենց բիզնեսը շարունակել: Ռուսաստանում մեր հայրենակիցների մեծ մասը տարբեր տրամաչափի բիզնեսով է զբաղվում: Այսինքն՝ ունենք բավական մեծ թվով բիզնեսով զբաղվող հայրենակիցներ, որոնց միանգամից Հայաստան տեղափոխվելն իրատեսական չէ: Իրենց գումարները Հայաստան տեղափոխելու դեպքում որտեղ՞ կարող են ներդնել: Նաև պետք է աշխատել այդ մարդկանց հետ, որպեսզի ուղղորդեն այդ ներդրումները այս կամ այն ոլորտ: Լուրջ աշխատանքի տեղ կա այստեղ: Այս պահին կարող ենք ասել, որ մեծ հոսք դեպի Հայաստան չի լինի: Մարդիկ չեն կարող միանգամից թողնել իրենց տարիներով ստեղծածը և տեղափոխվեն: Մանավանդ, եթե խոսքը լուրջ բիզնեսների, լուրջ գումարների մասին է: