
Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հետ։ Այս մասին Իրանի մայրաքաղաքում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, հայտնում է Tehran Times- ը։
Հանդիպմանը, որը տեղի է ունեցել փետրվարի 20-ին, կարևորվել է Մոսկվայի և Թեհրանի միջև համագործակցության զարգացումը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով հանդիպումներ՝ անդրկովկասյան երեք հանրապետությունների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) և երեք տարածաշրջանային տերությունների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) մասնակցությամբ, վերջին շրջանում չեն անցկացվել։ «3+3» հարթակի մեկնարկը տրվել է Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերի 10-ին։ Այն ժամանակ վրացական կողմը չի մասնակցել հանդիպմանը։