
Շատերը գուցե չեն էլ պատկերացնում, թե ինչ կարևոր օր է այսօր:
Փետրվարի 20-ից մեկնարկող Եվրոպական դիտորդական երկամյա առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը նորանկախ Հայաստանի թերևս եզակի, ամենասուվերեն արտաքին քաղաքական որոշումն է:
Փոքր, գուցե աննշան քայլ է, բայց Հայաստանը վերջապես ինքնուրույնաբար փորձում է հարափոփոխ այս աշխարհում իր տեղը, դիրքը հաստատել:
Ողջունում ենք Հայաստանի իշխանության այս պատմական որոշումը:
Հավատացած ենք, որ այն երկրի համար ճակատագրական նշանակություն է ունենալու:
Այսուհետ Հայաստանի ռազմավարական վերակողմնորոշումը այլընտրանք չունի և այդ ուղղությամբ կարևոր քայլն արված է:
Որոշումը հեշտ չի տրվել և հեշտ չի տրվելու: Այն իր մեջ բազմաթիվ ռիսկեր է պարունակում, այդ թվում ներքին:
Չափազանց էական և կարևոր է մեր երկրի պաշտպանունակության, անվտանգության համար այս գերզգայուն ժամանակներում քաղաքական և քաղաքացիական շրջանակների սթափ, զգոն, պատասխանատու վարքագիծը:
Մեզ բոլորիս պետք է միավորի ժողովրդավարական և ինքնիշխան Հայաստանի հարատևության տեսլականը:
Մեր քաղաքական տարաձայնություններն ու տարբերությունները այսօր էական և կարևոր չեն: Այս պատմական պահին առաջարկում եմ կենտրոնանալ երկրի արտաքին և դրանից բխող ներքին մարտահրավերների և սպառնալիքների վրա:
Միասնաբար կանգնենք երկրի պետականության պաշտպանության գործին և հաղթանակը Հայաստանինն է լինելու, բոլորինս է լինելու, Արցախինն ու համայն հայ ժողովրդինն է լինելու:
Արման Բաբաջանյան
Հանուն Հանրապետության կուսակցություն
նախագահ