Չինաստանում չինովնիկները բացել են հազարավոր բլոգներ, որպեսզի ավելի արդյունավետ ազդեն հասարակական կարծիքի ձևավորման վրա: Այս մասին հաղորդում է The China Daily-ը` հղում անելով people.com.cn կայքի կատարած ուսումնասիրությանը:
Ուսումնասիրություններ կատարելիս հետազոտվել է Tencent ընկերության կողմից ստեղծված միկրոբլոգների պլատֆորմը, որը մրցակցում է Twitter միկրոբլոգների կայքի հետ: 2011 թ. օգոստոսի 1-ի դրությամբ, Չինաստանի տարածքում իրենց միկրոբլոգներն ունեին ավելի քան 10 հազար կառավարական պաշտոնյաներ և աշխատակիցներ: Սա 4 անգամ ավելի է, քան այս տարվա մարտի վերջին, երբ պետական պաշտոնյաների և ձեռնարկությունների կողմից գրանցվել էր 2400 հաշիվ:
Չինաստանի պետական կառավարման ակադեմիայի պրոֆեսոր Վանգ Յուքայը միկրոբլոգինգի ազդեցությունը պետական կառավարման վրա աննախադեպ է համարում: Սակայն այս պահին դժվար է գնահատել պետական պաշտոնայների գործողությունների ազդեցությունը համացանցում, քանի որ գրանցված բլոգների մի մասը չի թարմացվում ընդհանրապես, իսկ մի մասին էլ հետևում են կեղծ հաշիվներով մարդիկ, ինչը դժվարացնում է այդ միկրոբլոգների իրական ազդեցության գնահատումը: